ՀԱՐՑ. Ես ունեմ բնակելի տուն: Ժամանակին պետական գրանցում կատարել եմ, բայց վկայական չեմ վերցրել: Խնդրում եմ ասեք, պետգրանցում կատարելու համար որքա՞ն գումար պետք է վճարեմ, եթե մինչ այս որեւէ գրանցում չեմ ունեցել:
Դավիթ Համբարձումյան (52 տարեկան, վաճառող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն, եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե մինչ այս ամեն ինչ կատարվել է սահմանված օրենքի շրջանակներում եւ ժամկետներում, ապա պետական գրանցում ձեռք բերելու համար քաղաքացին ստիպված չի լինի որորշակի գումար վճարել:
ՀԱՐՑ. Տեղի է ունեցել ավտոպատահար, վրաերթն իրականացվել է ձեռնարկության վարորդի կողմից: Ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է հասցված վնասը: Խնդրում եմ ասեք, կարելի՞ է արդյոք փոխհատուցում ստանալ մեքենայի արժեքի կորուստի դիմաց եւ ստանալ բարոյական վնասի փոխհատուցում: Եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է իրականացնել, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի դատարան:
Գագիկ Հունանյան (38 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոմեքենայի ԱՊԿ-ն (ապրանքային գնի կորուստ) կարելի է առգրավել: Ավտոմեքենայի մակնիշից եւ վնասի աստիճանից կախված ԱՊԿ-ն կարող է կազմել 100 ԱՄՆ դոլար, իսկ կարող է նաեւ՝ 10.000 ԱՄՆ դոլար: Այդ իսկ պատճառով մինչ դատարան դիմելը հարկավոր է դիմել փորձագետի, որը կներկայացնի ձեզ ԱՊԿ-ի մոտավոր չափը: Դրանից հետո գործողությունների հաջորդականությունը հետեւյալն է.
1. Դիմեք պատասխանող կողմին ձեր պահանջները ինքնակամ բավարարելու պահանջով:
2. Ցանկացած փորձաքննական հաստատությունում նշանակեք անկախ փորձաքննություն, որը կորոշի ԱՊԿ-ի մեծությունը:
3. Պատասխանող կողմին գրավոր տեղեկացրեք փորձաքննության անցկացման մասին:
4. Եթե պատասխանող կողմը հրաժարվում է ինքնակամ փոխհատուցել ԱՊԿ-ն, փորձագետի եզրակացության հիման վրա հայց ձեւակերպեք եւ ուղարկեք այն դատարան պատասխանող կողմի գտնվելու վայրին համապատասխան:
5. Փորձագետի եզրակացություն ավտոմեքենայի ԱՊԿ-ի մեծության վերաբերյալ:
6. Ավտոմեքենայի զնման նպատակով պատասխանող կողմի հրավիրման վերաբերյալ ծանուցագրով հեռագրի տեքստի կրկնօրինակներ:
7. Ապրանքային կտրոն փորձաքննության վճարման համար:
8. Իրավաբանական ծառայությունների տրամադրման պայմանագրի կրկնօրինակ եւ գործերը դատական մարմիններում վարելու լիազորագիր:
9. Պետտուրքի վճարման վերաբերյալ անդորրագիր:
10. Տեղեկանք ապահովագրական փոխհատուցման մասին:
Ցավոք, ՀՀ օրենսգրքի համաձայն՝ բարոյական վնասի փոխհատուցումը չի իրականացվում:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցավալի է, որ մեր երկրում այս ոլորտը դեռ կայացման երկար ճանապարհ պետք է անցնի, հատկապես երբ հարցը վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ինչպե՞ս է կատարվում իրավաբանական անձի վերակազմակերպման գործընթացը:
Արփինե Մելքոնյան (43 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման եւ վերակազմավորման միջոցով: Միաձուլման դեպքում երկու կամ ավելի իրավաբանական անձինք միանում են՝ ստեղծելով նոր իրավաբանական անձ, որն էլ հանդես է գալիս որպես միաձուլվող իրավաբանական անձանց իրավահաջորդ:
Միացման դեպքում մեկ իրավաբանական անձը պահպանում է իր գոյությունը եւ նրան են միանում մեկ կամ մի քանի իրավաբանական անձինք, որոնց գոյությունը դադարում է, իսկ պահպանվող իրավաբանական անձը հանդես է գալիս որպես միացող իրավաբանական անձանց իրավահաջորդ:
Բաժանման դեպքում մեկ իրավաբանական անձը տրոհվում է երկու կամ ավելի իրավաբանական անձանց, արդյունքում դադարում է իրավաբանական անձի գոյությունը եւ ստեղծվում են այլ իրավաբանական անձինք, որոնց միջեւ բաշխվում է բաժանվող իրավաբանական անձի գույքը:
Առանձնացման դեպքում իրավաբանական անձը պահպանում է իր գոյությունը, սակայն նրանից առանձնանում են մեկ կամ մի քանի իրավաբանական անձինք: Առանձնացող իրավաբանական անձին կարող է տրամադրվել գույք եւ դրան համապատասխան վերջինիս վրա կարող են դրվել պարտավորություններ:
Վերակազմավորման արդյունքում իրավաբանական անձը վերակազմավորվում է մեկ այլ իրավաբանական անձի եւ վերջինս հանդես է գալիս որպես նախորդի իրավահաջորդ: Վերակազմավորման դեպքում տեղի է ունենում իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձեւի փոփոխում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ ներկայացված սպառիչ պատասխանը կօգնի մեզ դիմած քաղաքացուն՝ ծագած խնդիրները հնարավորինս արագ լուծելու: