ԲՀԿ-ՀՀԿ՝ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն Հրազդանում քաղաքապետի ընտրություններում հանձնաժողովի իր տեղերը վաճառել է ՀՀԿ-ին: Կյանքը ցույց է տալիս, որ ազատ, արդար ընտրությունների մասին ամենաշատ խոսողներն ավելի կեղծ են ու ստրկամիտ:
Հրազդանում փետրվարի 12-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ   ԲՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում իր տեղերը  տվել է քաղաքապետարանի ՀՀԿ-ական աշխատակիցներին: Մասնավորապես,  խոսքը վերաբերում է Հրազդանի թիվ 25/3 տեղամասին, որի ընտրական   հանձնաժողովի` ԲՀԿ-ի քվոտայով նախագահը քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետն է, 25/6 տեղամասին, որի  հանձնաժողովի` ԲՀԿ քվոտայով նախագահը քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետն է, 25/9 տեղամասին, որտեղ հանձնաժողովի նախագահը կոմունալ բաժնի պետն է, ու եւս մեկ տեղամասի, որտեղ հանձնաժողովի ղեկավարը  քաղաքապետի գլխավոր խորհրդականն է:
Բացի հանձնաժողովի նախագահներից, նույնը վերաբերում է նաեւ հանձնաժողովի անդամներին: ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը «մեր այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ին տրամադրելով իրենց պատկանող ընտրական հանձնաժողովների տեղերը, ապահովում են ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը, տվեց  հետեւյալ պատասխանը. «Այդպիսի բան չկա, բոլոր տեղամասերում հանձնաժողովների նախագահներ եւ անդամներ նշանակել է ԲՀԿ-ն, եւ նրանք բոլորը ԲՀԿ անդամներ են»:
Սակայն պարզեցինք, որ քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչ Հուսիկյանը, ով  զբաղեցնում է քվոտայով ԲՀԿ-ին պատկանող տեղը եւ հանձնաժողովի նախագահն է, ՀՀԿ-ական է: Իսկ քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Անահիտ Նազարյանին եւ քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանին ընդհանրապես չհաջողվեց գտնել: 2 օր շարունակ Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ իրավաբանական բաժիններից տեղեկություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան: Թե ինչու աշխատանքային ժամերին քաղաքապետարանի պետական հեռախոսահամարները չէին պատասխանում, այդպես էլ մեզ համար հանելուկ մնաց:
Ռադիկ Հարությունյանի օգնականն այնքան զարմացավ մեր տված հարցից, թե որ կուսակցությանն է հարում իր տնօրենը, որ «շառից ու փորձանքից» իրեն ապահովագրելով, սկսեց պնդել, թե նա անկուսակցական է: Եւ դա այն դեպքում, երբ Ռադիկ Հարությունյանն ինքը մեզ ասաց, որ ՀՀԿ-ական է: Թե ինչու են մարդիկ վախենում իրենց իսկ կուսակցական պատկանելությունից, նույնպես անհասկանալի է: Իսկ Բաղդասար Մհերյանի` հարցի շուրջ խոստացված մեկնաբանությունն այդպես էլ չտրվեց:  Ստիպված ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն արդեն իսկ սկսում է հակասել իր տված խոստումներին` արդար եւ ազատ ընտրությունների փոխարեն  նպաստելով  «պայմանավորված ու ձեւական» ընտրությունների անցկացմանը:

ԱՆԻ ՂԱՆԴԻԼՅԱՆ




Լրահոս