ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿՏԻՎՈՐԵՆ
ՀՀՇ վարչության եւ հանրապետական խորհրդի երեկվա նիստում անդրադարձ է եղել Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ ՀՀՇ լրատվական կենտրոնից: ՀՀՇ-ն որոշել է այստեղ սատարել քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին, ավելին, ակտիվորեն ներգրավվել նրա նախընտրական շտաբի աշխատանքներին: Ընդ որում, ՀՀՇ Հրազդանի կառույցն արդեն իսկ ամբողջությամբ ներգրավված է այդ գործընթացին: Հավելենք, որ ՀՀՇ-ն նաեւ հաստատել է ՀՀՇ ԵՄ 13-րդ համաժողովում ընդունված նոր կանոնադրությունը եւ քննարկել հունվարի 28-ին Երեւանում Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների կուսակցության կազմակերպած սեմինարի նախապատրաստական հարցերը:

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՍԱՐԿՈԶԻՆ
Երեկվանից Սարկոզին ապրում է Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում: Նախօրեին ծնված տղա երեխային ծնողները որոշել են  կոչել Սարկոզի` ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից ոգեւորված` փոքրիկ Սարկոզիի ծնողները նրան նախ  ցանկացել են կոչել Նիկոլյա, սակայն հետո մտածել են, որ Նիկոլ անունը բավական տարածված է, ուստի չի հասկացվի անվանակոչության բուն նպատակը, եւ արդյունքում որոշել են  երեխայի անունը դնել Սարկոզի` այդ կերպ հայտնելով իրենց շնորհակալությունը:

ՄԻՊ ՆՈՐ ԿԱՅՔԷՋԸ
Երեկվանից գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր կայքէջը` www.pashtpan.am: Կայքի  միջոցով մարդիկ այսուհետ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձեւը եւ կարգը հստակ ներկայացված է կայքում:  

ԿՐԿԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ
Հունվարի 25-ից Նուբարաշենի բանտում մոտ 20 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանք դիմում են հղել ՀՀ նախագահին` պահանջելով պատժաչափերի վերանայում: Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին ընդունված քր.օր-ի փոփոխություններով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձել է 20 տարի, ինչը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն առայժմ  պատժաչափի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ
Ոստիկանությունը բացահայտել է 7 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը: 2005թ-ի դեկտեմբերի 13-ին` ժամը 17:30-ի սահմաններում, 4 անհայտ անձինք, Դուրյան թաղամասի 33 շենքի վերելակի ներսում ավազակային հարձակում կատարելու եղանակով նշված շենքի 7-րդ հարկի բնակիչ, տարադրամի փոխանակմամբ զբաղվող 63-ամյա Արսեն Հարությունյանի նկատմամբ կիրառելով բռնություն, ծեծելով եւ հարվածելով` նրանից հափշտակել էին 1 մլն ՀՀ դրամ եւ դիմել փախուստի: armlur.am-ի փոխանցմամբ` հանցագործները բացահայտված են:

ԿԱԽՎԵԼ Է
Հունվարի 24-ին Օհանավան գյուղի Դեմեր կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն-տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 57-ամյա Արմենակ Կարախանյանը: Ոստիկանության տվյալներով` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




Լրահոս