ՄԵՐ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ ԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եռուզեռ էր, հատկապես Բաքվի թաղամասում, ժողովուրդը հավաքվել էր` լսելու «Սասուն» ջոկատի հրամանատար, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանին: Մարդիկ, Սասուն Միքայելյանի նկարով պաստառները ձեռքներին, եկել էին նրա հետ զրուցելու, իրենց կարծիքն արտահայտելու: Իսկ ոմանք էլ, շարքերում կանգնած, մտածում էին, որ հանկարծ իրենց նկատող չլինի, որ եկել են Սասուն Միքայելյանի ելույթը լսելու: Հայտնի է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ահաբեկում է մարդկանց:
Նախընտրական այդ հանդիպումն ավելի շատ նման էր զրույցի: Մարդիկ իրենց հոգսերի, անհանգստությունների մասին հարց էին ուղղում, իսկ Միքայելյանը պատասխանում էր: «Ես միշտ էլ իմ գաղափարն ու տեսակետն եմ ունեցել, ես գերադասել եմ թողնել Ազգային Ժողովը, մտնել «կագեբե»-ի պադվալ, բայց հավատարիմ մնալ ձեզ»,-Սասուն Միքայելյանի այս խոսքերից հետո ժողովուրդը ծափահարեց եւ սկսեց վանկարկել` «Սա-սո՛ւն, Սա-սո՛ւն»:
«Սխա՞լ բան եմ արել, դե՛մս ասեք, վատությո՞ւն եմ մեկին արել, կանգնե՛ք, ասե՛ք,  հերիք է անտարբեր լինեք, ինչ կա իրականում` ասե՛ք: Այսօրվա մի կտոր հացի համար վաղը հայրենազուրկ ենք դառնալու: Հիշե՛ք, ժամանակն է արդեն մտածելու, այլ ձեւ չկա, հերիք ա էլի… չգիտեմ` ինչ են ուզում էս խեղճ ժողովրդից, ես զարմանում եմ: Դու ո՞վ ես, ա՛յ Կավալ, որ էկել ասում ես, որ սենց պիտի քվեարկես, հե՞րս ես, ո՞վ ես: Ամոթ ա, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք: Ո՞ւմ եք ճնշում, ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդից, մնացել ա արուններս ծծեն, էլ ոչ մի բան չկա, սաղ անտուն, պարտքերի տակ կորած, ընկել են փողոցներ: Ես միշտ ասել եմ` ջրի կաթիլը քար ա ծակում… չգիտեմ, սիրտս արդեն տրաքում ա, էսքան տարի, էսքան ասել, բացատրել, էլի մարդիկ սպասում են, որ պիտի բերեն, փող տան… բա մեր ինքնասիրությունն ի՞նչ եղավ»,-վրդովված նշեց Հրազդանի առաջին քաղաքապետը:
Քաղաքացիները դժգոհում էին իրենց սոցիալական ծանր վիճակից` արձանագրելով, որ բնակելի շենքերի կեսն ազատ են, մարդիկ թողել, հեռացել են: Իսկ Ս.Միքայելյանը, լսելով այդ մասին, ասաց. «Բա ես ինչի՞ եմ եկել, ես եկել, դա եմ ասում, ժողովո՛ւրդ ջան, ես ձեր դեմ կանգնած եմ իմ էությամբ ու իմ արած գործով, իմ մատուցած ծառայություններով` իմ ազգի, իմ ժողովրդի համար: Գնահատականը ձերն է, ես միշտ հաշվետու եմ եղել ձեր առաջ, ես կալանավայրից էլ եկել եմ ու էլի հաշվետվություն եմ տվել իմ ժողովրդին: Ես այնտեղ չեմ նստել մի անհատի համար, մեկի դեմ չեմ պայքարել, ես այն մարդկանց դեմ եմ դուրս էկել, որոնք չեն հասկանում սոված մարդու վիճակը, որոնք չեն հասկանում սահմանադրական իրավունքները եւ չեն հասկանում, որ այս երկրում բոլորն են ուզում ազատ ապրեն: Ես ձեզ մի հատ խնդրանք ունեմ. գնացե՛ք, ճի՛շտ ընտրություն կատարեք` ձեր գաղափարով, կխնդրեի, որ ոչ մեկի ասելով ընտրություն չանեք»: Այս խոսքերից հետո բավական երկար ժամանակ ժողովուրդը վանկարկում էր` «Սա-սո՛ւն, Սա-սո՛ւն» եւ ծափահարում:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Հրազդանի բնակիչներից մեկը, որը նշեց, թե սուտն արդեն իր գագաթնակետին է հասել. «Շենքերում մարդիկ 10 հոգի են, բայց խաբում են, սխալ թվեր են ներկայացնում. գրում են՝ 100 մարդ կա, բայց ինչի՞ համար են գրում… եթե արդարություն լինի, Սասունը կանցնի… ներկա մոմենտում նենց անուն կա, որ 15-20 տարի էդ մարդը ստեղ չի ապրում, բայց ցուցակների մեջ գրել են»: Սասուն Միքայելյանի շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանը, պատասխանելով քաղաքացու հարցին, վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի նման կեղծիքներ չլինեն. «Հսկելու ենք, որ գերեզմանից եկած ոչ մի մարդ չքվեարկի, դրանում կասկած չունենաք»:
Բնակիչների հետ հանդիպման ավարտից հետո մարդիկ  թույլ չէին տալիս, որպեսզի պարոն Միքայելյանն իրենցից հեռանա, մոտեցել, զրուցում էին: Իսկ շարքերում կանգնած մի տղամարդ, որ լսում էր Սասուն Միքայելյանի ելույթը, որոշ ժամանակ հետո հեռացավ` բարձրաձայնելով. «Կարող ա մեզ էլ տեսնեն, որ էկել ենք Սասունի հավաքին, գործից հանեն»:
Նկատենք, որ բավականին ցուրտ եղանակին մարդիկ դուրս էին եկել իրենց պատշգամբներ եւ լսում էին Հրազդանի առաջին քաղաքապետի ելույթը: Կային բնակարաններ, որ մարդիկ վախվորած էին կանգնել պատուհանի այն կողմում, որպեսզի չնկատվեն:
Պահպանելով հավասարության սկզբունքը` «Ժողովուրդ»-ը փորձեց Հրազդանի քաղաքապետարանում զրուցել նաեւ քաղաքապետի մյուս թեկնածուի` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի հետ: Սակայն նրա քարտուղարուհին ասաց, որ դիմենք լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալինային: Վերջինս նշեց, որ Դանիելյանն արդեն արձակուրդի մեջ է, ապա տեղեկացրեց, որ նրա ծննդյան օրն է, եւ հնարավոր չէ, որ մեր հարցերին պատասխանի` խորհուրդ տալով գնալ նախընտրական շտաբ:
Գնացինք նաեւ շտաբ, որը ղեկավարում է փոխմարզպետ Վալերիկ Բակլաչյանը: Սակայն նա էլ տեղում չէր: Շտաբում մեռելային լռություն էր, այնտեղ ընդամենը մի երիտասարդ աղջիկ էր եւ ՀՀԿ մարզային գրասենյակի ղեկավար  Ժորա Մկրտչյանը: Վերջինս ասաց, թե քարոզարշավն այսօրվանից սկսելու են. «Ժամանակացույցը դեռ պարզի չէ, կորոշենք ու կսկսենք»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս