ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորների օգնականների մոտ նոր դժգոհության ալիք է բարձրանում: Լինելով պատգամավորի օգնական եւ աշխատելով Ազգային Ժողովում` նրանք չեն կարողանում օգտվել «ԱԺ բարիքներից»` պարգեւատրման, բուժնպաստի եւ 13-րդ աշխատավարձի հնարավորություններից:
Դեռեւս 2008թ-ին ԱԺ կանոնագրքում փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց` յուրաքանչյուր պատգամավոր կարող է ունենալ ընդամենը մեկ օգնական, որի աշխատավարձը վճարում է պետությունը: Hotnews.am լրատվական կայքում ասվում է, որ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից, որպես պատգամավորների օգնականների աշխատավարձ, տրամադրվում է 200 մլն դրամ: Սակայն ԱԺ պատգամավորների օգնականները (131 հոգի) ստանում են 100 հազար դրամ աշխատավարձ (առանց հարկերի` 90.300 դրամ): Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ նրանք պետք է ստանան 127 հազար դրամ աշխատավարձ, սակայն հաշվարկելով փաստացի աշխատավարձը` ակնհայտ է դառնում, որ օգնականներին վճարվում է տարեկան 157 մլն դրամը: Մնացած գումարը նախատեսված է պարգեւատրման, բուժնպաստի եւ 13-րդ աշխատավարձի համար: Պատգամավորներից մի քանիսի օգնականները, որոնք առայժմ չցանկացան հրապարակել իրենց անունները, պնդում են, որ 13-րդ աշխատավարձ երբեք չեն ստացել, բուժնպաստն ու պարգեւատրումներն էլ իսպառ բացակայում են: Հարց է առաջանում` ինչի՞ վրա են ծախսվում պատգամավորների օգնականների համար նախատեսված գումարները:
Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր մեր պատգամավորների օգնականները հիմնականում ազդեցիկ ծնողների զավակներ են, բուժնպաստի, 13-րդ աշխատավարձի եւ պարգեւատրումների չնչին գումարները նրանց համար կարեւորություն չեն ներկայացնում: Սակայն ԱԺ պատգամավորների օգնականների մեջ կան նաեւ մարդիկ, որոնք իրոք աշխատում են, եւ բնական է` պետք է պարգեւատրվեն իրենց աշխատանքի համար: Hotnews.am-ը նաեւ տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պատրաստվում է վերականգնել տեխնիկական աշխատողների բուժնպաստը, սակայն պատգամավորների օգնականներն այդ ցուցակի մեջ չեն մտնում:
«Ժողովուրդ»-ը փորձեց  ֆինանսների նախարարությունից ճշտել, թե բյուջեից տարեկան որքան գումար է հատկացվում որպես ԱԺ պատգամավորների օգնականների աշխատավարձ, սակայն մեզ խոստացված պատասխանը ՀՀ ֆինանսների նախարարությունն այդպես էլ չտվեց: Իսկ ԱԺ անձնակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Ալբերտ Վիրաբյանն էլ պնդում է, որ պետական բյուջեից տարեկան 157 մլն դրամ է տրամադրվում, որն էլ կազմում է օգնականների աշխատավարձը, եւ ոչ մի հավելյալ գումար ո՛չ պարգեւատրումների, ո՛չ բուժնպաստի եւ ո՛չ էլ 13-րդ աշխատավարձի համար բյուջեից չի գանձվում:

ԱՆԻ ՂԱՆԴԻԼՅԱՆ




Լրահոս