«ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԱՄԱՐ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայաստան» հանրախանութի տարածքում վեճ է բռնկվել «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչների, ոստիկանության  եւ հանրախանութի աշխատակիցների միջեւ: Այն ավարտվել է կռվով, որի արդյունքում մի քանիսը տեղափոխվել են ոստիկանություն:
Մեր նախորդ համարում տեղեկացրել էինք, որ  «Հայաստան» հանրախանութի մի մասը` Հրաչյա Քոչարի 2 հասցեում գտնվող տարածքը,  գրավի դիմաց հանձնվելու է «Ամերիաբանկ»-ին:  Պատճառն այն էր որ հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը չի կարողացել ժամանակին վճարել բանկից վերցրած գումարը:
Կրքերն էլ ավելի թեժացան, երբ հունվարի 25-ին բանկի աշխատակիցները, մտնելով հանրախանութի տարածք, սկսեցին կապարակնքել դռները: Եւ չնայած նրանց ձեռքին կար սեփականատիրության վկայական, այդուհանդերձ, նրանք իրենց հետ բերել էին ոստիկանության 6-րդ բաժնի մի քանի աշխատակիցների, որոնք օգնում էին նրանց իրականացնել գործընթացը: Նման վերաբերմունքը, բնականաբար, մեծ դժգոհություն առաջացրեց աշխատակիցների մոտ, որոնք սեփականատիրոջ փոփոխման մասին տեղեկացել էին մի քանի օր առաջ բանկից ստացած ծանուցագրերից: Ի դեպ,  ծանուցագրում ասվում էր, որ աշխատակիցները պարտավոր են լքել տարածքը մինչեւ ժամը 18-ը, բայց կարծես թե բանկը շտապում էր սեփականատիրոջ  իրավունքները ստանձնել, այդ պատճառով գործողությունը սկսվեց ժամը 14-ից:
 Հենց սկզբից վեճ բռնկվեց բանկի աշխատակիցների, ոստիկանների եւ հանրախանութի իրավաբանների միջեւ: Իրավաբան Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց ոստիկանների եւ բանկի աշխատակիցների պահելաձեւի եւ գործողությունների վերաբերյալ. «Մենք վիճարկել ենք որոշումն այն մասին, որ հանրախանութը պետք է հանձնվի բանկին, այդ պատճառով աշխատակիցները նախ պետք է սպասեին դատարանի որոշմանը եւ նոր գային  ու գործողություններ կատարեին հանրախանութում, եւ մանավանդ իրենց հետ ոստիկաններ բերեին: Չնայած նրան, որ հանրախանութը, փաստաթղթերի համաձայն, պատկանում է բանկին, նրանք իրավուք չունեն վարձակալության իրավունքով հանրախանութում տարածք ունեցող մարդկանց դուրս հանել շենքից»: Ոստիկանության 6-րդ բաժնից Էդգար Մնացականյանը մեզ տեղեկացրեց, որ խնդրի լուծման համար իրենց դիմել է «Ամերիաբանկ»-ը, եւ նրանք  էլ պարտավոր են պարզել հարցի եղելությունը:
«Ամերիաբանկ»-ի աշխատակիցները վստահեցրին, որ մինչեւ օրվա վերջ կամ մյուս օրը` առավոտյան, բանկի հետ պայմանագիր կնքելու դեպքում աշխատակիցները կշարունակեն վարձակալել տարածքը: Չգիտես ինչու, բանկի աշխատակիցները շատ ագրեսիվ էին տրամադրված լրագրողների հանդեպ, արգելում էին լուսանկարել, հրաժարվում էին ներկայանալ, իսկ ամենավերջում ընդհանրապես դուրս հանեցին շենքից` արգելելով նորից ներս մտնել իրենց տարածք: Հանրախանութի աշխատակիցների բողոքներին եւ դժգոհություններին բոլորը միաձայն պատասխանում էին, որ իրենց աշխատանքն են կատարում: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ լրագրողներին թույլ չէր տրվում կատարել իրենց աշխատանքը:
 Նշենք, որ նման վերաբերմունքը շարունակվեց նաեւ «Ամերիաբանկ»-ում, որտեղ հանրախանութի աշխատակիցները եկել էին մեկ ամսով բանկի հետ պայմանագիր ստորագրելու: Հենց այն պահին, երբ լրագրողը մոտենում էր որեւէ մեկին՝ հարց տալու, տեղում հայտնվում էր բանկի աշխատակիցը ու հայտնում, որ իրենց ներսում սպասում են: «Ժողովուրդ»-ի` 3 օրվա անպատասխան զանգերից հետո երեկ բանկում օրաթերթի թղթակցին վերջապես մոտեցավ PR մենեջերը եւ տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ պարզաբանում կտրվի:
 Ավելի ուշ տեղեկացանք, որ բանկում պայմանագիր կնքելուց հետո  հանրախանութի աշխատակիցները երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, վերադարձել են հանրախանութ, սակայն այն շրջապատված է եղել ոստիկանության հատուկ նշանակության վաշտի աշխատակիցներով, եւ ոչ ոքին չի թույլատրվել մտնել շենք: Երբ հանրախանութի փաստաբանը փորձել է ներս մտնել, կռիվ է սկսվել, քաշքշուկ, որի արդյունքում ջարդվել են «Նոկիա» խանութի դռների ապակիները, ոմանք մարմնական վնասվածք են ստացել, իսկ խանութի աշխատողներից մեկը վեճի արդյունքում տեղափոխվել է ոստիկանություն:
 Այս ամենի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ անձամբ հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանից, սակայն նա ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր, իսկ  հանրախանութի աշխատակիցներից շատերն էլ պնդում էին, որ նա այժմ գտնվում է Փարիզում:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. «Ամերիաբանկ»-ը երեկ՝ երեկոյան հաղորդագրություն է տարածել, որտեղ  մասնավորապես ասվում է, որ «Հայաստան» հանրախանութի մի մասը 2011 թվականի դեկտեմբերի 16-ից «օրենքով սահմանված կարգով անցել է բանկի սեփականությանը` բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: «Ամերիաբանկ»-ի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող  ««Հայաստան» առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: Ներկայումս բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որեւէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առեւտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր»:




Լրահոս