ԱԶԱՏՎԵԼ ԱՆՑԱՆԿԱԼԻՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել էր վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները եւ նշանակել ու անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ: Շիրակի մարզպետարանը ստուգումներ է սկսել գյուղերում, եւ չարաշահումների հայտնաբերման դեպքում գյուղապետերին սպառնում է աշխատանքից ազատվելու վտանգը: Առաջին թիրախը, ինչպես տեսանք, Տուֆաշեն համայնքն էր: Պարզվում է, ներկայումս անհայտ է, թե որտեղ է գտնվում Համազասպ Մխիթարյանը: Շիրակի մարզպետարանը չի բացառում,  որ հնարավոր է` գյուղապետը բացակայում է նաեւ հանրապետությունից: Թե կոնկրետ ինչ չարաշահումներ է թույլ տվել համայնքի արդեն նախկին ղեկավար Համազասպ Մխիթարյանը, պարզելու է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Դա պետք է դառնա ուսումնասիրության առարկա, որովհետեւ եթե մեկին կանչել են ու ասել, որ էս հողը քոնն է, էդ մեկն էլ չի հայտնել, դա լուրջ հարց է: Եւ ոչ մի փաստաթղթով այդ ամենը չի երեւում, ավագանու որոշում չկա, համայնքի ղեկավարի որոշում չկա: Այս ամենը բավականին բարդ հարցեր են, որոնք պետք է պարզել»,-փոխանցեց ՇՄ տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը:
Հայտնի է, որ Տուֆաշենի նախկին գյուղապետն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, սակայն դեպքից հետո Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ կառույցի պատասխանատուն համառորեն պնդում է, որ Համազասպ Մխիթարյանը հեռացվել է ՕԵԿ շարքերից: Տուֆաշենը գտնվում է թիվ 33 ԸԸՀ կազմում, որտեղից էլ տեղեկացանք, որ արտահերթ ընտրություններն այս համայնքում տեղի են ունենալու փետրվարի 12-ին: Թեկնածուները երեքն են. մեկը հանրապետական է, երկուսը` ՕԵԿ-ական: ՀՀԿ ներկայացուցիչը հիմա Տուֆաշենի ժամանակավոր պաշտոնակատարն է: «Այնտեղ բոլոր թեկնածուներն իրենց վստահված անձինք ունեն: Լինելու է մեկ ընտրատեղամաս, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի նորմալ ընտրական գործընթաց կազմակերպվի»,-նշեց թիվ 33 ԸԸՀ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:
 Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը չի բացառում, որ մարզում լինեն գյուղապետեր, որտեղ կհետեւեն պաշտոնաթող համայնքապետի օրինակին. «Այդ կարգի համայնքի ղեկավարներ մենք շատ ունենք: Յուրաքանչյուր տարածաշրջանում երեւի երկու-երեք համայնքի ղեկավար, բայց նրա նման անպարտաճանաչ, անկազմակերպ համայնքի ղեկավար երեւի մեկ-երկու հոգի կան»:
Ենթադրելի է, որ պաշտոնանկ արված գյուղապետի հասցեին ուղղված այս որակումները պատահական չեն, հատկապես այս շրջանում, երբ Աշոտ Գիզիրյանը գյուղից գյուղ է շրջում եւ հանձնարարականներ տալիս համայնքապետերին: Նրա գործոնն անշուշտ կօգտագործվի առաջիկայում, շատերին մատնացույց կանեն, որ եթե ձեզ խելոք չպահեք, հատկապես ընտրությունների նախաշեմին եւ դրանից հետո, ապա գործադիրը հերթական նիստերից մեկի ժամանակ կհեռացնի անպարտաճանաչներին այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Տուֆաշենում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս