Երեւանի փողոցներում խախտումների գրանցման ավտոմատ համակարգերի, այլ կերպ ասած՝ տեսախցիկներ տեղադրելու մասին լուրերը տարածվելուն պես վարորդների մոտ խուճապ սկսվեց:
Հնարամիտ վարորդները սկսեցին միջոցներ փնտրել տեսախցիկներից խուսափելու, պետհամարանիշերը թաքցնելու համար. չէ՞ որ արդեն անհնար է պետավտոտեսուչներից ներողություն խնդրել, նրանց համոզել եւ խուսափել տուգանքից: Խախտում ես կատարել, ուրեմն պետք է վճարես: Սակայն ինչպես հայտնի է, մենք` հայերս, շատ հնարամիտ ազգ ենք, ամեն ինչ պատրաստ ենք անել, միայն թե խուսափենք տուգանքներ մուծելուց: Օրերս սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե պետհամարանիշերը կարելի է ծածկել կանացի մազի «լաքով», սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ դա անհնար է: Ուրեմն պետք է նոր միջոցներ փնտրել: «Տերեւով առաջին թիվը կփակեմ, որ հարցնեն, կասեմ` հիմա տերեւը եկել-ընկել է, հո չե՞մ իջնելու ամեն րոպե ստուգեմ` համարները երեւում են, թե չէ»,-կես-կատակ, կես-լուրջ բացատրեց տաքսու հնարամիտ վարորդը: «Ես աշխատում եմ խախտումներ չանել, բայց առանց խախտումների էլ անհնար է, դրա համար էլ էն փողոցներով եմ քշում, որտեղ տեսախցիկներ չկան»,-նշեց 24-ամյա Սուրենը:
Նրանց խոսքերից կարելի է եզրակացնել, որ կարգազանց վարորդները խախտումներ չանելու փոխարեն փորձում են միջոցներ փնտրել իրենց սխալները թաքցնելու համար: Սակայն տեսախցիկներից թաքնվելն այդքան էլ հեշտ չէ:
«Եթե տերեւով փորձեն փակել պետհամարանիշի որեւէ թիվ, ապա դա չի օգնի, քանի որ իրենից դժվարություն չի ներկայացնում մեքենայի մակնիշով եւ պետհամարանիշի մնացած թվերով գտնել կարգազանց վարորդին: Իսկ եթե կարողանա այնպիսի տերեւ գտնել, որը կծածկի ամբողջ պետհամարանիշը, ապա այդ դեպքում անընթեռնելի պետհամարանիշերի համար, ըստ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, նախատեսված է տուգանք,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը եւ հավելեց,-ինչ էլ որ անեն, մեկ է, ուշ, թե շուտ պարզվելու է»:
Ինչպես հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետը, երեկվա տվյալներով արագաչափերն արձանագրել են 4.200 խախտում: Սակայն արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած տվյալներով առայժմ դժվար է ասել` խախտումների թիվն ավելացել է, թե ոչ, քանի որ խախտումների գրանցման ավտոմատ համակարգեր տեղադրվել են Երեւանի ընդամենը 10 խաչմերուկներում, իսկ արագաչափեր կան Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում եւ Սարալանջի հատվածում:
Հիշեցնենք, որ տեսախցիկներն սկսել են գործել հունվարի 16-ին, եւ փաստորեն, 10 օրվա ընթացքում տուգանքների ընդհանուր թիվը միջին հաշվով (10.000դր) կկազմի 45մլն դրամ: Պետությունը բյուջե է լցնում վարորդների հաշվին:
ՀՆԱՐԱՄԻՏ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ` ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ