Անցած տարի «Եղնիկներ» զորամասում առողջության խաթարման պատճառով հետագա զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված Ժորա Մկրտչյանի գործով կալանավորված 3 ծառայակիցներից երկուսի խափանման միջոցը փոխվել է:
Հիշեցնենք, որ Ժորա Մկրտչյանին դիրքերում զինակիցները ծեծել են ու ստորացրել: Անցած տարվա սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ զորամասից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինվորին հայրը` Մկրտիչ Մկրտչյանը, չէր ճանաչել: «Ականջները կապտած, մի ականջի կեսը չկար, ծխախոտ էին հանգցրել ականջների մեջ, մարմնին, ծեծել, գլխին խփել, փայտով ականջին խփել, քացով տվել»,-պատմում է հայրը: Մոտ 1 ամիս է, ինչ Ժորան արդեն տանն է: Ճիշտ է, արտաքին վերքերը լավանում են, բայց հոգեկանը չես վերականգնի: «Կես մարդ են սարքել, ուղարկել տուն, գարնանն էլ մյուս տղաս ա գնալու բանակ, ո՞նց ճանապարհեմ, էլի էդպես հետ գա՞»,-ասում է զինվորի հայրը:
Նրա խոսքերով` զորամասի հրամանատարությունը, որդուն նման վիճակի հասցրած զինվորների հարազատները չեն էլ հետաքրքրվում Ժորայով. «Բանակի տոնն ա հեսա, տեսնեմ կմտնե՞ն գոնե վայենկոմատից ու Ժորային մի թղթի կտոր կբերե՞ն, որ երեխան ոգեւորվի, ախր կիսաջան են սարքել»: Սակայն Մկրտիչ Մկրտչյանը, որ ամիսներ առաջ ցանկանում էր սեփական ձեռքերով լուծել որդու վրեժը, հիմա հանգստացել է. «Եթե պատժեն էլ, մեկ ա, Ժորան չի լավանա»: Զինվորի՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը մասնակցած հայրը բարձրագույն հրամանատարական կազմից միայն խնդրում է այնպես անել, որ նման միջադեպեր բանակում տեղի չունենան: «Գրելով ու միտինգ անելով չի, պիտի հետեւենք, պիտի մարդու խղճին տեղ լինի, պիտի պատկերացնեն, որ իրենց էրեխեքն են ծառայում»,-ասում է Մկրտիչը: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից ասացին, որ անկախ ծնողների բողոքելուց` գործը նախաքննության ավարտից հետո ուղարկվելու է դատարան:
Նշենք, որ քրեական գործ էր հարուցվել 3 հոգու նկատմամբ: Սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով): Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հրամանատարության հսկողության տակ գտնվելը: Ներկայումս խափանման այդ միջոցը կիրառվում է միայն Մովսես Բադալյանի նկատմամբ:
Վաչիկ Գրիգորյանն ու Ալբերտ Առաքելյանը զորացրվել են, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Սյունիք