ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Երեւանում: 1994-2004 թվականներին սովորել է Երեւանի թիվ 120 դպրոցում: Երգի ասպարեզում առաջին քայլերն արել է Սպայի տան երգի ստուդիայում: 1996-2004-ին հաճախել է նաեւ «Ստիլ» պարային ակումբ: Մասնակցել է սպորտային պարերի բազմաթիվ մրցույթների:  2004-2008 թվականներին սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:
-Ինչո՞ւ չես մասնակցում որեւէ  հեղինակավոր մրցույթի, օրինակ` «Եվրատեսիլ»-ին կամ «Նոր ալիք»-ին»:
-Դեռ չունեմ մասնակցելու ձգտում: Կարող եմ ասել, որ չեմ շտապում, միգուցե օրը կգա, եւ անկախ ամեն ինչից` կստացվի:
-Եթե չեմ սխալվում, կար ժամանակ, երբ Արսեն Սաֆարյանը քո պրոդյուսերն էր: Ինչո՞ւ դադարեցիք միասին աշխատել:
-Այո՛, միառժամանակ աշխատել եմ Արսենի հետ, նույնիսկ առաջին տեսահոլովակս` «Խոստում» երգի հիման վրա, նկարահանել ենք միասին: Լուրջ պատճառներ չեն եղել, ոչ մի տեսակի անհամաձայնություններ չենք ունեցել, ու մինչ այժմ էլ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Ուղղակի ստացվեց այնպես, որ դադարեցինք միմյանց հետ աշխատել` առանց որեւիցե լուրջ պատճառի:
Այժմ արդեն շուրջ մեկուկես տարի է` աշխատում եմ պրոդյուսերիս` Ալեքսանդր Ստեփանյանի (Սաշա) հետ, եւ շուրջ մեկ տարի է` համագործակցում ենք «Դուետրո» ստուդիայի հետ` Էդգար Ալեքսանյանի երաժշտական ղեկավարությամբ:
-Ինչպե՞ս հայտնվեցիր «Դժվար ապրուստ» սերիալում:
-«Արմենիա» հեռուստաընկերությունից գլխավոր դերերից մեկում նկարահանվելու առաջարկ ստացա: Ճիշտն ասած, սկզբում ունեի մտավախություն, թե դա ինչպես կարող է անդրադառնալ իմ` երգչի կարիերայի վրա: Սակայն ինձ քաջալերեցին, ու որոշեցի փորձել: Բայց կարող եմ ասել, որ Դիանա Գրիգորյանի կերտած Գոռի կերպարը սիրվեց հանդիսատեսի կողմից, եւ ես ստացա մասսայական ճանաչում:
-Դժվար չէ՞ դերասանական կրթություն չունենալով` գլխավոր հերոսի մարմնավորել:
-Սկզբում կային դժվարություններ, սակայն մինչ օրս նկարահանումների ժամանակ փորձում եմ սովորել ճիշտ դերասանական խաղ մեր սերիալում նկարահանվող փորձառու եւ վաստակավոր դերասաններից: Համենայնդեպս, չեմ կարծում, որ մի օր կորոշեմ դերասանական կրթություն ստանալ:
-Նմա՞ն եք արդյոք դու եւ Գոռը:
-Միգուցե սկզբում կային որոշ նմանություններ, բայց ոչ հիմա: Հիմա այնպես, ինչպես Գոռն է վարվում ֆիլմում, ես երբեք չէի վարվի:
-Ի՞նչ ես կարծում, շա՞տ են այսօր Գոռի պես տղաները:
-Դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, ես իմ շրջապատում չեմ հիշում նման կերպար:
-Ինչպե՞ս են արձագանքում անծանոթ մարդիկ, երբ տեսնում են քեզ փողոցում:
-Շատ տարբեր: Եթե ճանաչում են, հիմնականում` դրական:
-Ի՞նչ աբսուրդ բամբասանքներ ես լսել քո մասին:
-Շատ բազմազան եւ անմիտ: Դե Մերիի հետ շատ են ամուսնացրել ու բաժանել, մի քանի անգամ լսել եմ, որ երեխայի եմ սպասում, որ վթարի եմ ենթարկվել եւ այլն: Ամենաթարմ բամբասանքը, որ աղանդավոր եմ:  
-Մեկն էլ ես ասեմ, ըստ տարածված լուրերի` դու Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամական կապ ունես: Հավաստի՞ են այդ լուրերը:
-Բազմիցս նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի տեսակի բարեկամական կապ չունեմ:
-Որտե՞ղ ես աշխատում որպես երգիչ:  
-Այժմ «Jose» ակումբում:
-Նկարահանումներից ու աշխատանքից բացի, ուրիշ ինչո՞վ ես զբաղվում: Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:
-Ազատ ժամանակ համարյա թե չեմ ունենում, քանի որ ֆիլմի նկարահանումներից ու ակումբի աշխատանքից բացի, պրոդյուսերիս` Սաշայի հետ զբաղվում ենք նաեւ իմ  կարիերայով` ձայնագրում եմ նոր երգեր, պատրաստվում ենք գարնանը թողարկել ձայնասկավառակ, մասնակցում ենք տարբեր տեսակի համերգների, ունենում եմ  նաեւ մենահամերգներ: Իսկ եթե այդ ամենից հետո մնում է ազատ ժամանակ, անցկացնում եմ ընկերներիս շրջապատում:
-Շատ աղջիկների համար ցանկալի տղա ես, վստահ եմ` հիմա նրանց մեծ մասին հետաքրքրում է մի հարց` արդյո՞ք զբաղված է քո սիրտը:
-Պատասխանեմ կարճ` ո՛չ, զբաղված չէ:    
-Ինչպիսի՞ աղջիկներ են քեզ դուր գալիս:
-Խելացի, համեստ եւ բարետես:
-Գո՞հ ես այն ամենից, ինչ ունես:
-Փառք Աստծո, ես այսօր ամեն ինչից գոհ եմ: Եթե ինչ-որ բան էլ պակասում է, անպայման ամեն ինչ անում եմ, որ լրացնեմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս