
Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. մայիսի 18-ի` լույս 19-ի գիշերը ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռազմիկ Կարապետյանը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ` քաղաքացի Գոռ Աթաբեկյանի հետ, Երեւան քաղաքի Ավան Սայաթ-Նովա թաղամասի 5-րդ շենքի բակում կայանված Տիգրան Պ.-ին պատկանող «Ինֆինիտի QX 56» մակնիշի ավտոմեքենայի վրայից խմբով գաղտնի հափշտակել` գողացել են 400.000 ՀՀ դրամ արժողության հակամառախուղային զույգ լուսարձակները` վերջինիս պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ռազմիկ Կարապետյանին եւ Գոռ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: