ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե «Երեւան ջուր» ՓԲԸ-ի տեսուչն իրավունք ունի առանց բաժանորդի հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելու որոշակի գումար գրել: Տանս հաշվիչի ցուցմունքը հսկիչը չի նայել եւ գրել է, որ ես մեկ ամսվա համար` մինչ դեկտեմբերի 1-ը, պարտք եմ 4000 դրամ: Դա հնարավոր չէ, քանի որ ընտանիքս բաղկացած է 2 անձից, եւ 4000 դրամի ջուր հաստատ չի օգտագործվել: Խնդրում եմ պարզաբանել:

Ռուբեն Աբրահամյան, 32 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Բաժանորդներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ մասնագետ-տեսուչները միշտ չէ, որ կարողանում են ջրաչափերի ցուցմունքները գրանցելու համար ժամանակին մուտք գործել բնակարաններ, ավելի քան մեկ տարի է, ինչ «Երեւան ջուր» ընկերությունն անցել է ցուցմունքների գրանցման նոր կարգի: Դրա համաձայն` ջրի հաշվիչի ցուցմունքները գրանցվում են 2 ամիսը մեկ անգամ, իսկ մնացած ամիսների ծախսը հաշվարկվում է նախորդ 3 ամիսների միջին ծախսի ցուցանիշի հիման վրա: Վերջինս ուղղվում է (նվազեցվում կամ ավելացվում) փաստացի ցուցմունքը գրանցելիս, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է նաեւ գումարային ուղղում: Տվյալ պարագայում ստուգումից պարզվել է, որ նշված բաժանորդի պարտքը 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1908.83 դրամ (բայց ոչ 4000 դրամ), որը նա այդպես էլ չի վճարել: Դրան դեկտեմբեր ամսվա արդյունքներով գումարվել է 2436.91 դրամ, ինչը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների միջին թվաբանական ծախսն է: Այսպիսով` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Ռուբեն Աբրահամյանի պարտքը կազմել է 4345.74 դրամ: Ասել է թե` խմելու ջրի սպառման հաշվարկը կատարվել է գործող կարգի համաձայն: Ինչ վերաբերում է հաշվարկի հետագա համապատասխանեցմանը ջրաչափերի փաստացի ցուցմունքին, ապա դա իրականացվում է ոչ ավել, քան երեք ամիս ժամկետում` ընկերության մասնագետ-տեսուչի պարտադիր ստուգողական այցի արդյունքներով: Մեր դեպքում Ռուբեն Աբրահամյանի հաշվիչների փաստացի ցուցմունքները ս.թ. հունվարի 20-ի դրությամբ կազմել են համապատասխանաբար 119 մ3 եւ 230 մ3, իսկ Ընկերության համակարգչային տվյալների բազայի ցուցմունքները` 121մ3 եւ 233մ3: Տարբերությունը` 5 մ3 է կամ 875 դրամ, որը կուղղվի ընթացիկ ամսվա արդյունքներով, ասել է թե` գործող կարգով նախատեսված ժամկետներում:

 «Երեւան ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին
 (շարունակությունը հաջորդ համարում)

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ կարելի է սպասել մի ընկերությունից, որի տեսուչները վարձատրվում, բայց բնակարաններ այցելելու եւ անձամբ հաշվիչները ստուգելու փոխարեն կա՛մ աչքաչափով են թիվ գրում, կա՛մ էլ բաժանորդին զանգահարելով` այդ կերպ փորձում ճշտել հաշվիչի ցուցմունքը:




Լրահոս