ՀԱՐՑ. ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել պատրաստվողները, ինչպես հայտնի է, արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել: Լսել եմ, որ կուսակցությունները նույնիսկ բջջային օպերատորների կողմից առաջարկվող հեռախոսներ են նվիրում իրենց ապագա ընտրողներին: Հետաքրքիր է, թե ինչ պայմանավորվածությամբ են համագործակցում քաղուժերն ու օպերատորները, եւ արդյոք նրանց միջեւ մեծաքանակ գնումների պայմանագրեր են կնքվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը քաղաքական որեւէ կուսակցության հետ հեռախոսների մեծածախ վաճառքի համաձայնագիր կամ պայմանագիր չի կնքել: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատասխանատվություն չի կրում որեւէ մեկի կողմից իր սպասարկման կենտրոններից ձեռք բերված հեռախոսների օգտագործման նպատակի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. «ԱրմենՏել» ընկերությունը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մաս է, որի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Գործունեության երկրներում մենք հեռահաղորդակցության ծառայություններ ենք մատուցում բնակիչներին` անկախ սեռից, ազգությունից, կրոնական եւ քաղաքական հայացքներից: Մեր ընկերության գործարար էթիկայի կանոններն արգելում են այս կամ այն կրոնական կամ քաղաքական ինստիտուտի շահերից բխող գործունեություն: Այդ կապակցությամբ մենք չենք իրականացնում կոմերցիոն կամ բարեգործական գործունեություն քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների օգտին: Այս կանոնը գործում է «ՎիմպելԿոմ» խմբի գործունեության բոլոր երկրներում, այդ թվում` Հայաստանում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես երեւում է առաջատար երկու օպերատորների պատասխաններից, վերջիններս ձեռքները լվանում են` իրենց ծառայություններից կամ ապրանքներից օգտվել-չօգտվելու խնդիրը թողնելով կուսակցությունների հայեցողությանը: