Այսօր Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում պետք է կայանար չորս լրագրողների՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ (Շմայսի) դիմումի կապակցությամբ հերթական նիստը, որտեղ պետք է պարզաբանումներ ներկայացներ նաև ՀՀԿ-ական պատգամավորը: Վերջինս, սակայն, հանձնաժողով չի ներկայացել:
Ինչպես նիստից հետո հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, դիմումի քննության վերջնաժամկետը հունիսի 2-ն է, և մինչ այդ դիմումի վերաբերյալ կկայացվի համապատասխան որոշում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատշաճ վերաբերմունք չէր ցուցաբերել: Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում պատգամավորը բացականչել էր՝ «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Լրագրողները պահանջում են ճանաչել Շմայսի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտում և ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ: