Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 24-ին և 25-ին ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Կարկուտի հետևանքով տուժել են Լոռու մարզի մի շարք համայնքներ` Մեծամորը, Դսեղը, Ստեփանավանը, Լեռնահովիտը, քիչ, բայց նաև` Շենավանը:
Armlur.am-ի hետ զրույցում Լեռնահովիտ համայնքի ղեկավար Արշակ Վելիցյանն ասաց, որ գյուղացիները շվարած վիճակում են. կարտոֆիլի բերքի մեծ մասը կորցրել են, վնասվել է նաև հացահատիկի բերքը: «Ոչ մի բան էլ չմնաց կարկուտի պատճառով»,-ասաց համայնքի ղեկավարը:
Լեռնահովիտ համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կարկուտի հետևանքով գյուղացիները 12 գլուխ անասուն են կորցրել. «Այնքան ուժեղ եկավ կարկուտը, որ չհասցրին անգամ տուն մտնել»:
Կարկուտի հետևանքով գյուղացիների բնակարանները ևս վնասվել են. կոտրվել են ապակիները, որը փաստի առաջ է կանգնեցրել համայնքի բնակիչներին:
Կարկուտն անակնկալի է բերել նաև Շենավան համայնքի բնակիչներին: Թեև ի տարբերություն մյուս համայքների, Շենավանի բնակիչների բնակարաններն ու անասունները չեն վնասվել, սակայն մայիսի 24-ին տեղեկացած կարկուտի հետևանքով պտղատու ծառերն են վնասվել:
Համայնքում գյուղացիների հիմնական զբաղմունքը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Շենավանի համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը, տնամերձ հողերի մշակությունն ու անասնապահությունն է:
Ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Շենավանում խնդիրները հիմնականում նույնն են` միջհամայնքային ճանապարհների վատ վիճակը, խմելու ջրի խնդիրը, որը հատկապես ակտուալ է դառնում ձմռանը, երբ սառչում են ջրի խողովակներն ու գյուղացիներին կանգնեցնում փաստի առաջ:
Մյուս խնդիրը, որը մտահոգում է համայքնի ղեկավարին, գյուղացիներին գյուղտեխնիկայով ապահովելու հարցն է ու արտագաղթի խնդիրն է: «Եթե գյուղտեխնիկա չի լինում, գյուղացին հողից կտրվում է»:
Ինչ վերաբերում է արտագաղթի խնդրին, համայնքի ղեկավարի խոսքով` եթե երկրում վիճակն այսպես շարունակվի, համայնքը կդատարկվի:
Սոնա Դավթյան