Նախագահը ստորագրել է «կուտակային»-ի մասին օրենքի փոփոխությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, այս փոփոխությամբ նախատեսվում է, որ գործատուն վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում: Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ:

Ուժը կորցրած է ճանաչվում գործող օրենքի 76-րդ՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Բացի այդ, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:




Լրահոս