Ինչպե՞ս է արդարանալու ՀՀԿ-ն, եթե կառավարության այս ծրագիրն էլ տապալվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008-2012 թթ.-ին   ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկերներ էին : Հետագայում ԲՀԿ-ն, երբ դուրս եկավ կոալիցիայից, սկսեց քննադատել իշխանություններին երկրում առկա խնդիրների համար, ՀՀԿ-ականները պարբերաբար էին հիշեցնում կոալիցիոն գործընկեոջը, որ նրանք ևս պատասխանատու են երկրի առջև ծառացած խնդիրների համար: Բացի ԲՀԿ-ին մեղադրելուց` ՀՀԿ-ականների համար լավ առիթ էր նաև 2008-20092թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ տնտեսական ձախողումների  հիմնական պատճառը ըստ իշխանության ներկայացուցիչների՝  ճգնաժամն է:

Armlur.am-ը ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից հետաքրքրվեց` եթե կառավարության այս ծրագիրն էլ  չիրականանա, հիմա  ինչպես է արդարանալու ՀՀԿ-ն, հերթապահ ի՞նչ հայտարարություններ է  հնչեցնելու: Չէ՞ որ հիմա  իշխող կուսակցությունը մնացել է միայնակ:

Լեռնիկ Ալեքսանյանը նախ ասաց, որ ինքը չի ընդունել և ընդունում  կոալիցիոն կառավարման սկզբունքը , քանի որ դա հեղհեղուկ միավորում  է. «Իմ կարծիքով կոլեկտիվ պատասխանատվությունն ամենավատ բանն է: Կոմունիստական կուսակցությանը դրա համար էին մեղադրում:  Պատասխանատվությունը պետք է ստանձնի մեկ ուժ»:
«Այսինքն` ուրախ ե՞ք, որ ԲՀԿ-ը և ՕԵԿ-ը այլևս ձեր կոալիցիոն գործընկերները չեն»,- հետաքրքրվեց  մեր թղթակիցը:

«Ոչ ուրախ եմ, ոչ տխուր: Մենք բաց ենք  բոլոր ուժերի առաջ: Բայց դա չի նշանակում, որ առանց այլ քաղաքական ուժերի  մենք չենք կարող»,- պատասխանեց  քաղաքական գործիչը:

Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ կառավարության այս ծրագիրը չի տապալվի: «Եթե  տապալվի, կմտածենք` ինչ ենք ասելու»,- եզրափակեց  իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Սոնա Դավթյան




Լրահոս