ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎԾ-Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍԱԾԻՆ

«Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է եվրոպականին»՝ Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այսպիսով, եվրոպական երկրները պետք է առաջինը ողջունեն, որ եվրոպական տնտեսական կացութաձեւով Հայաստանն օր առաջ անդամագրվի Մաքսային միությանը, քանզի դա բխում է հենց իրենց տնտեսական շահերից: Համաձայնեք, որ այս հայտարարությունը եւս մեկ անգամ հիմնավորապես ապացուցում է այն իրողությունը, որ ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, քաղաքականից բացի, որեւէ տնտեսական բաղադրիչ չկա: Ընդ որում՝ սա է փաստում նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ ՀՀ-ում ներդրումների ծավալով առաջին տեղում Ֆրանսիան է՝ 99 մլն դոլարի չափով, իսկ 2-րդ տեղում՝ Ռուսաստանը՝ 58.2 մլն դոլար ծավալով: Ի դեպ, չենք կարող չհիշել մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում: Այնտեղ Ս. Սարգսյանը հայտարարել էր. «ՌԴ-ն որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը» (՞): Այսպիսով, որքան Ֆրանսիան կօգտվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից, ուղիղ այդքան էլ «Երեւան Սիթին» կօգտվի «Կարֆուրի» բացումից:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսել է տարօրինակ ու անհասկանալի որոշումներ կայացնել: Երեկ, հայկական պատվիրակությունը պետք է մեկներ Աթենք` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, սակայն Գալուստ Գրիգորիչը կտրուկ արգելել է: Պատճառը կամ բյուջեի սղությունն է, կամ ԱԺ քվորումի խնդիրը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վեհաժողովի ժամանակ պետք է ընտրվեր ղեկավարության եւ քարտուղարության կազմ, ինչի մասնակցության համար անգամ հայկական պատվիրակությանն այնտեղից հատուկ խնդրանքով են դիմել, որ չբացակայեն: Այդ մասին պատգամավորները տեղեկացրել են ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Գրիգորիչին, սակայն վերջինս մնացել է անդրդվելի: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով այդ պատվիրակության անդամ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Դա գռեհկություն է, սահմանափակվածություն, անգրագիտություն, տհասություն, որ Հայաստանը միջազգային կառույցներում պետք է ներկայացված չլինի»:

 

Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք: «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվանից հրապարակում է լրագրողական հետաքննություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է: Մեր ձեռքի տակ են հայտնվել ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկությունները՝ պատգամավորի՝ ՀՀ կատարած ելումուտի վերաբերյալ: Ըստ այդ փաստաթղթի՝ նա իսկապես Հայաստանից բացակայել է մեկ տարուց ավելի՝ ընդ որում կնոջ եւ որդու հետ: Նկատենք, որ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է` սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածով: Ըստ էության, գործ ունենք կոծկված հանցագործության հետ:

 

Մայիսի 10-ին, Իջեւանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զինվորի քեռին պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել եւ ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի տալիս: «Հրամանատարը բենզինի գումար է պահանջել, իսկ Ներսեսն ասել է, թե չկա: Ավելի ուշ հրամանատարն ասել է. «Ես քո հախից կգամ»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը բացառեց, որ կատարվածը կապված է բենզինի դեպքի հետ. «Այդ խնդրին ծանոթ եմ եղել ու որպես հրամանատար, վաշտի հրամանատարին տույժի եմ ենթարկել: Ես անգամ երեխաներին ասել եմ, որ եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ: Իմ ասելուց հետո, վաշտի հրամանատարը չէր կարող նրանցից բենզինի գումար պահանջել»:




Լրահոս