ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՅՐԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս քննարկման փուլում է գտնվում ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը: Մեր տեղեկություններով՝ քննարկվում է նաեւ Հ. Թովմասյանի՝ աշխատակազմի ղեկավար նշանակելու փոխարեն նրան Սահմանադրական դատարան «գործուղելու» տարբերակը: Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարարությունում, անդրադառնալով Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարմանն ասել էր, որ նա լավ կադր է եւ անպայման կօգտագործեն, եւ հիմա հավանական է համարվում, որ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանն ու Հրայր Թովմասյանը նշանակվեն ՍԴ-ում, քանի որ այնտեղ մի քանի հոգի պետք է թոշակի անցնեն: Դա է պատճառը, որ դեռեւս իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի թեկնածուի հարցը: Ըստ ՀՀԿ-ականների՝ դեռեւս այդ պաշտոնում հավանական թեկնածու չի «գտնվել»:

Հ2-Ը ՉԿԱ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները բողոքում են, որ Վարդենիսում դադարեցվել է հեռարձակվել Հայկական երկրորդ (Հ2) հեռուստաընկերությունը: Նրանք այդ բողոքով դիմել են նաեւ իրենց ընտրատարածքից ընտրված Աժ պատգամավոր Կարեն Բոթոյանին, ով էլ գրավոր դիմում է ներկայացրել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու հեռուստաընկերությունը չի հեռարձակվում: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից պատգամավորի հարցմանը պատասխանել են, որ «Հայաստանի երկրորդ հեռուստաալիք ՍՊԸ-ն դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի Հեռուսաստեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությանը` կրճատելու սփռման մասին նախկին ցանցը` Հ2 հեռուստաալիքի հեռարձակումը թողնելով միայն մարզկենտրոններում եւ զբոսաշրջային գոտիներում»: Սակայն անհասկանալի են մնում հեռուստաընկերության ցուցաբերած «ընտրողականության» չափանիշերը:

ԳԱԼՈՒՍՏԻ ԿԱԴՐԸ

Աշխատանքից ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը: Նրան, ըստ շրջանառվող լուրերի, վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջիկա օրերին նշանակելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ, ՀՀԿ-ական Էրիկ Մինասյանը: Վերջինս, ի դեպ, համարվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորյալը: Մինասյանը տեւական ժամանակ է՝ զբաղեցնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2011թ., երբ ԱԺ նախագահը Սամվել Նիկոյանն էր, նրա թիկնազորի ու Մինասյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Մինասյանը մեկուսացված վիճակում էր հայտնվել: Առայժմ, սակայն, որոշված չէ, թե ով է լինելու ԱԺ աշխատակազմի ղեկավարը: Չի բացառվում, որ Գ. Սահակյանը հենց Էրիկ Մինասյանին էլ հաստատի այդ պաշտոնում:




Լրահոս