ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԵՎ ԴԵՍՊԱՆԸ

«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանը երեկ հիշեցրել է ՀՀ-ում ՌԴ տխրահռչակ դեսպան Իվան Վոլինկինի դիվանագիտական անցյալը. «Վրաստանից Վոլինկինին 2008-ին վռնդեցին` պետության ներքին գործերին միջամտելու համար: Նույնիսկ նրա մասին ասում էին, թե հեղաշրջում է կազմակերպում, դրա համար նրան Վրաստանից դուրս վռնդեցին: Մինչ այդ, Սահակաշվիլին նրան ժամանակ էր տվել դադարեցնել պետության ներքին գործերին միջամտելը: Այսօր այդ դեսպանն ուզում է չեզոքացնել Հայաստանի այն հ/կ-ներին, որոնք այսօր ունեն ինքնիշխանության գիտակցություն»:

ՈՂՋՈՒՆԵԼ Է

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրգհալտերը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որն արվել էր 1994թ. հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ: ԵԱՀԿ նախագահը միացել է համանախագահների՝ հայերին եւ ադրբեջանցիներին ուղղված կոչերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խաղաղության ապահովման համար: Նա նորից է հաստատել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության աջակցությունը ՄԽ-ի համանախագահների միջնորդական ջանքերին:

ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԱՍԵԼ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը 2009թ. հուլիս ամսին լ՚Աքվիլում համանախագահող երկրների առաջնորդների հնչեցրած հայտարարության կրկնությունն է: Այդ մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն արձագանքել է: «Դա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է, որը սեփական հայտարարություններով լրացման անհրաժեշտությունը չեմ տեսնում»:

ՈՒՌՃԱՑՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախագահական վերջին ընտրություններում ընտրողների պաշտոնական թիվը 350 հազարով ավելի շատ է ներկայացվել, քան անգամ 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ: Փաշինյանի հաշվարկներով` ընտրացուցակներում ընդգրկված շուրջ 700 հազար քաղաքացի ներկայում բացակայում է ՀՀ-ից: Փաստորեն` որքան Հայաստանը դատարկվում է, այնքան ընտրացուցակները ուռճացվում են:




Լրահոս