ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԶԻՆՎՈՐԻՆ. «ՀԱԽԻՑԴ ԿԳԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին, Իջեւանի N զորամասում, հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի քեռին՝ Աիդին, պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ զինվորը զանգահարել եւ ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանը իրեն հանգիստ չի տալիս:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, առավոտյան ժամը 08:50-ի սահմաններում: Ներսեսը հրազենային վիրավորվածություն է ունեցել գլխից եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննության ողջ ընթացքը վերցրել է իր անմիջական հսկողության տակ եւ հանձնարարել պարբերաբար զեկուցել գործին առնչվող բոլոր տեղեկությունները, հատկապես ծառայողական քննության արդյունքները:
«Ժողովուրդ»-ը դեպքի մանրամասները պարզելու նպատակով այցելեց Ներսես Կարապետյանի տուն: Մեզ հետ զրույցում Ներսեսի քեռին` Աիդին Հարոյանը, պատմեց, որ Ներսեսը տան 5-րդ երեխան էր, իսկ ընդհանուր՝ նրանք 9 երեխա են: Ըստ մահացած զինվորի քեռու` Ներսեսը զորամասում խնդիրներ է ունեցել միայն իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանի հետ. «Արձակուրդ էր եկել, ընկերներին ու Ռուսաստանում ապրող եղբորը պատմել էր, թե հրամանատարն իրեն հանգիստ չի տալիս, գումարներ է ուզում, ինչ-որ բենզինի հարց կա: Բոլորը, իրենց զորամասի գեներալները արդեն տեղյակ են այս պատմությունից: Երբ արձակուրդը վերջացավ, մայիսի 6-ին գնաց զորամաս, իր վաշտի հրամանատար Ասրյանը Ներսեսին ասել էր, թե արա, քեզ ով է թողել, որ դու գնացել ես: Հետո ասել էր, թե բենզինը բերել ես, նա էլ ասել է, թե չէ, որտեղից բերեմ: Ներսեսը այս ամենը պատմել էր եղբորը, թե վաշտի հրամանատար Ասրյանը շատ է զզվեցնում իրեն»:
Ըստ Աիդին Հարոյանի` դեպքից մեկ օր առաջ, երբ արդեն դիրքեր գնալու են եղել, վաշտի հրամանատարը Ներսեսին ասել է. «Ես քո հախից կգամ»:
Զինվորի քեռու պատմելով` բենզինի պատմությունն առաջացել է այն բանից հետո, երբ զինվորներին դիրքեր բարձրացնելու համար զորամասի մեքենայի մեջ բենզին են լցնում եւ համապատասխան կտրոն են տալիս:
«Կտրոնի վրա գրում են, թե 20 լիտր բենզին տվեցին, բայց 10 լիտր բենզին են տալիս, ու երբ զինվորները զանգում ասում են՝ չկա, նրանց ասում են՝ որտեղից ուզում եք բերեք»,-ասաց Աիդին Հարոյանը՝ հավելելով, թե Ներսեսը զորամասի ներսում զինվորների հետ ոչ մի խնդիր չի ունեցել:
Աիդին Հարոյանի պատմելով՝ ինքը չի կարող ասել, թե վաշտի հրամանատար Ասրյանն է կրակել զինվորին, բայց վստահ է, որ Ներսեսը ինքնասպան չի եղել. «Հրամանատարի խոսքը՝ «ես քո հախից կգամ» ու այս դեպքը զուգադիպել են, իսկ թե ինչ կպարզվի դեռ կտեսնենք: Տեղյակ եմ, որ դեպքի հետ կապված բոլոր հնարավոր կասկածյալներին տարել են հարցաքննության, ընդհուպ մինչեւ այդ վաշտի հրամանատարին»:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Իջեւանի N զորամասի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ: Ըստ գնդապետի՝ ինքը տեղյակ է եղել բենզինի շուրջ առաջացած խնդրի մասին. «Ձեզ հաստատ կարող եմ ասել, որ բենզինի խնդիրը որեւէ կապ չունի Ներսեսի հետ կատարվածին: Բենզինի խնդրին ծանոթ եմ եղել, ու վաշտի հրամանտարին տույժի եմ ենթարկել ու անձամբ եմ նրանից գումարը գանձել: Վաշտի հրամանատարը պակասորդ է ունեցել ու ես անգամ երեխաներին ասել եմ, որ ես, որպես ձեր հրամանատար, եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ: Իմ ասելուց հետո, վաշտի հրամանատարը չէր կարող նրանցից բենզինի գումար պահանջել: Ներսեսն այն պատահական երեխան չէր, որ մեկը ուզենար նրան խփեր կամ այնպես աներ, որ ինքն իրեն խփի: Ինքն անձամբ իմ կողմից ճանաչված ու սիրված տղա էր»:
Ըստ զորամասի հրամանատար, գնդապետ Մախսուդյանի` այս ամենը պատահականության հետեւանք է. «Առայժմ միայն սա կարող եմ ասել»,-ասաց նա:
Նշենք, որ Ներսես Կարապետյանի մահվան դեպքի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս