Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ այն եզակի անկախ պատգամավորներից է, որի մանդատը մինչ օրս համարվում է վիճահարույց: Բանն այն է, որ նա 1 տարուց ավելի բացակայել է երկրից, սակայն նրան տրվել է կեղծ տեղեկանք այն մասին, որ վեջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում:
Դեսպանը հովանավորե՞լ էհանցանքը
«Ժողովուրդ»-ը սկսում է հրապարակել լրագրողական հետաքննություն այն մասին, թե ինչպես է 2012-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Էդմոն Մարուքյանը կեղծ տեղեկանք ստացել վեջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Այն դեպքում, երբ նա 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը մշտապես գտնվելով ԱՄՆ-ում՝ Հուբերտ Համֆրիի անվան 1 տարի տեւողություն ունեցող ծրագրի շրջանակներում ստացիոնար հիմունքներով սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի պետական համալսարանի մարդու իրավունքների բաժնում:
Պատգամավորի ուսման մասին տեղեկանում ենք Համֆրիի ծրագրին վերաբերվող պաշտոնական կայքից (http://www1.umn.edu./humanrts/center/humphrey/2009-10FellowsBios.html): Այնտեղ մասնավորապես նշված է. «Համֆրիի ընկերության անդամ լինելու մեկ տարվա ընթացքում պարոն Մարուքյանը կենտրոնացել է մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների վրա»: Համֆրիի ծրագրին վերաբերող վերոհիշյալ կայքում, ինչպես նաեւ Համֆրիի ծրագրի մասին պաշտոնական հետեւյալ կայքերում՝ http://armenia.usembassy.gov/humphrey_fellowships.html, http://humphreyfellowship.org// նշված է, որ գոյություն ունեցող պաշտոնական ընթացակարգի համաձայն Է.Մարուքյանի՝ ԱՄՆ-ում սովորելու ընտրությունը կատարվել է դեսպան Ջ. Հեֆերնի ղեկավարած Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական բազմաբնույթ փաստաթղթեր կներկայացնի իր հաջորդ հրապարակման մեջ, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ Մարուքյանի արարքը հովանավորել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ու դեսպան Ջ. Հեֆերնը:
Խախտվել է երկրի մայր օրենքը
Իսկ մինչ այդ փորձենք բացատրել, թե ինչ հետեւանքներ է ունեցել Մարուքյանին տրված այդ կեղծ տեղեկանքը: Այսպես. 1 տարի 17 օր ՀՀ-ից մշտապես բացակայած Մարուքյանին, ըստ էության, տրվել է կեղծ տեղեկանք եւ այդ հիմքով էլ գրանցվել է պատգամավորության թեկնածու: Այս իրավիճակում կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրության 64 հոդվածը: Համաձայն դրա՝ պատգամավորության թեկնածուն վերջին 5 տարին պետք է մշտապես բնակված լինի ՀՀ-ում, իսկ համաձայն օրենքի՝ 6 ամսից ավելի Հայաստանից բացակայելուց հետո անձը պետք է դուրս գա հաշվառումից:
Սակայն Մարուքյանը ոչ միայն դա չի արել, այլեւ դեռ 2012թ. հունիսի 5-ին «Հրապարակ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե 1 տարի չլինելով ՀՀ-ում, ինչպե՞ս եք տեղեկանք վերցրել, արդարացել է. «Ես բազմաթիվ տեղեր եմ սովորել, իսկ վերջին ուսումնառության վայրը եղել է Մասաչուսեթսի համալսարանը, որտեղ ես ստացել եմ ակադեմիական կրթություն, մագիստրոսի գիտական աստճան: Բայց այդ ընթացքում Հայաստանից մշտապես չեմ բացակայել. գնացել-եկել եմ: Բացի այդ, երբ ես տեղեկանք էի ստանում… բոլորի տեղեկանքները մանրամասն ստուգվել են»:
Իհարկե, գնահատելի է, որ Մարուքյանը շարունակում է սովորել նաեւ հասուն տարիքում, սակայն այստեղ խնդիրն այն է, որ նրա նկատմամբ շատ բարեհաճ վերաբերմունք է եղել: Հիշո՞ւմ եք, երբ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործարար Խաչատուր Սուքիասյանը փորձեց առաջադրել իր թեկնածությունը, ՀՀ ոստիկանությունը մերժեց նրան թեկնածու գրանցվելու համար տեղեկանք տրամադրել՝ Հայաստանից 11 ամիս բացակայելու պատճառաբանությամբ: Փաստորեն այն, ինչն արգելվել էր գործող ռեժիմի համար անընդունելի Խ.Սուքիասյանի դեպքում, Հայաստանից մեկ տարուց ավելի մշտապես բացակայած Մարուքյանի համար եղել է միանգամայն հասանելի:
Կամ էլ պետք է արձանագրել, որ մարդկության պատմության մեջ Մարուքյանն այն միակ հրաշագործն է, որին ջանադրաբար հաջողվել է 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը մշտապես բնակվել ԱՄՆ-ում, սակայն միաժամանակ ասուպի նման բոցկլտալ, գալ-գնալ Հայաստան: Հավատացեք՝ անգամ Բարոն Մյունխաուզենը կնախանձեր ամենահաս Մարուքյանի վառ երեւակայությանը: Իսկ միգուցե Հայաստան եւ ԱՄՆ իր կատարած պատմական այցելությունները Մարուքյանը Մյունխաուզենի խորհրդով մշտապես կատարել է ամսվա միայն 32-րդ օրերի՞ն, երբ անտեսանելի Մարուքյանին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այդպես էլ չեն կարողացել նկատել անգամ ամենատես համապատասխան ծառայությունները:
Ինչեւէ, խոսենք փաստերով, որոնք հակասում են պատգամավորի խոսքերին:
Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ
Քաղաքացիների՝ ՀՀ տարածք մուտքի եւ ելքի մասին ինֆորմացիան, որը տեղակայված է բացառապես սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում, հայտնվել է մեր ձեռքի տակ: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ «Էդմոն Մարուքյանը (ծնված 13.01.1981թ.) ունեցել է 4 անձնագիր՝ AC0312755, AH0545912, AK0506783 եւ AD0005526 (դիվանագիտական անձնագիր-խմբ): AH0545912 անձնագրով Է. Մարուքյանը Հայաստանից մեկնել է՝ ելք է ունեցել (դա փաստաթղթի տերմինն է-խմբ) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ 13.06.2009թ., ժ.05:00:41-ին, իսկ ԱՄՆ-ում կորցրած AH0545912 անձնագրի փոխարեն նոր՝ AK0506783 անձնագրով՝ Հայաստան է վերադարձել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով՝ 30.06.2010թ., ժ.07:09:35-ին՝ ինքնաթիռի 965 չվերթով: ՀՀ ցամաքային սահմանով Է.Մարուքյանը մեկնել եւ Հայաստան է վերադարձել բացառապես հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով: Ընդ որում 2009 թվականին Է.Մարուքյանն այդ անցակետն ընդհանրապես չի հատել (պաշտոնական փաստաթղթի տերմինով՝ ելք եւ մուտք չի ունեցել-խմբ.), իսկ 2010թ. առաջին անգամ Բագրատաշենի անցակետով Է.Մարուքյանն իր AK0506783 անձնագրով Հայաստանից մեկնել է (ելք) 18.07.2010թ., ժ. 08:00:41-ին, այսինքն՝ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց 18 օր հետո միայն»:
Այսպիսով 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը Մարուքյանը Հայաստանից մշտապես բացակայել է 1 տարի 17 օր, սակայն պատգամավորության թեկնածու գրանցելու համար իշխանությունների հրահանգով նրան տրվել է կեղծ տեղեկանք, թե իբր նա վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Ահա թե ինչպես է «մանրամասն ստուգվել» Հայաստանից բացակայած պատգամավորության թեկնածուի համար տրամադրվող տեղեկանքը:
Պատգամավորին ուղեկցել են
Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում անցկացվող Հուբերտ Համֆրիի անվան մեկ տարի տեւողություն ունեցող ծրագրին վերաբերող պաշտոնական կայքերից մեկում՝ http://humphreyfellowship.org/, նշված է, որ Համֆրիի ծրագրում ընդգրկված անձինք իրավունք ունեն ԱՄՆ տանելու նաեւ իրենց ընտանիքի անդամներին: ԱՄՆ-ում մշտապես բնակվող, ուսանող Է.Մարուքյանին ավելի քան 8 ամսով՝ 2009թ. սեպտեմբերի 6-ից մինչեւ 2010թ. մայիսի 15-ը միասին այցելել են նրա կինը՝ Տաթեւիկ Արտուշի Մատինյանը եւ որդին՝ Քրիստիան Էդմոնի Մարուքյանը: Այս մասին եւս տեղեկանում ենք քաղաքացիների՝ ՀՀ տարածք մուտքի եւ ելքի մասին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի վերոհիշյալ փաստաթղթից: Ըստ այդմ՝ «Տաթեւիկ Մատինյանը (ծնված 24.08.1983թ.) AK 0332150 անձնագրով Հայաստանից մեկնել է՝ ելք է ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ 06.09.2009թ., ժ.08:50:05-ին՝ ինքնաթիռի 2999 չվերթով («Էյր Ֆրանս» ավիաընկերության Երեւան-Փարիզ չվերթն է-խմբ.): Իսկ Փարիզից՝ Տաթեւիկ Մատինյանը որդու՝ Քրիստիան Մարուքյանի հետ մեկնել է ԱՄՆ: Դրանից ավելի քան 8 ամիս հետո Տաթեւիկ Մատինյանը AK 0332150 անձնագրով Հայաստան է վերադարձել՝ մուտք է ունեցել՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով՝ 15.05.2010թ. ժ.21:20:59-ին 2936 չվերթով (դարձյալ «Էյր Ֆրանս» ավիաընկերության Փարիզ-Երեւան չվերթն է-խմբ.): Տ. Մատինյանը որդու՝ Ք. Մարուքյանի հետ Փարիզ ժամանել է ԱՄՆ-ից»: Էդմոն Մարուքյանի որդին՝ Ք. Մարուքյանը, ծնված 07.03.2007թ. AK0289326 անձնագրով Հայաստանից մեկնել է, ելք է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանից 06.09.2009թ. ժ 08:48:03-ին ինքնաթիռի 2999 չվերթով (Էյրֆրանս ավիաընկերության Երեւան-Փարիզ չվերթն է): Իսկ Փարիզից մոր՝ Տաթեւիկ Մատինյանի հետ մեկնել է ԱՄՆ: Դրանից ավելի քան 8 ամիս հետո Ք. Մարուքյանը AK 0289326 անձնագրով Հայաստան է վերադարձել, մուտք է ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով 15.05.2010թ. ժ. 21.22.47-ին ինքնաթիռի 2936 չվերթով Air France ավիաընկերության Փարիզ-Երեւան չվերթն է): Ք. Մարուքյանը մոր՝ Տ. Մատինյանի հետ Փարիզ ժամանել է ԱՄՆ-ից: Այսպիսով 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. մայիսի 15-ը միասին այցելել են կինը՝ Տաթեւիկ Մատինյանը եւ 2 տարեկան որդին՝ Քրիստիան Մարուքյանը, որոնց Հայաստանից ԱՄՆ մեկնելու-վերադառնալու ժամկետները րոպեների տարբերությամբ համընկնում են:
Ի դեպ, Է. Մարուքյանի կինը՝ Տաթեւիկ Մատինյանը, նույնպես համարվում է ամերիկյան «պրոեկտ»: Նա 2003-2004թթ. մասնակցել է ԱՄՆ-ի Նեբրասկայի համալսարանում (Քիրնեյ) անցկացված քրեական գործ ծրագրին:
Կեղծ տեղեկանքի հետեւանքը
«Ժողովուրդ»-ն ունի հանցագործներին մերկացնող «Պեպոյի մերօրյա բարաթներ», ուստի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անելիք ունի, քանի որ, ըստ էության, ԱԺ պատգամավորը փաստաթուղթ է կեղծել: Այդ արարքը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածով եւ նախատեսված է պատիժ 4 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: «Ժողովուրդ»-ը շարունակելու է հրապարակել լրագրողական հետաքննությունը, որը ապացուցում է, որ 2012թ. պետական մակարդակով կազմակերպված աննախադեպ հանցագործություն է տեղի ունեցել:
Ովքե՞ր են հանցակիցները
Նկատենք, որ Մարուքյանին կեղծ տեղեկանք է տվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը: Իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լուռ հետեւել է այդ գործընթացին այն դեպքում, երբ մեր՝ վերը հրապարակված տեղեկությունները տեղակայված են հենց ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում: Կեղծիքի մասով լռել է նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կատարված հանցագործության առիթով քրեական գործ չի հարուցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ով մամուլի՝ ստորեւ ներկայացվող հրապարակումների համաձայն Է. Մարուքյանի հովանավորներից մեկն է: Այս ամենի մասին մեր գործընկերների կողմից բազում հրապարակումներ են եղել, որոնք բոլորը մնացել են անհետեւանք. Հիշեցնենք դրանցից մի քանիսը. «Թիվ 30 ընտրատարածքի առեղծվածը» («Առավոտ», 8.06.2012թ.), «ԱԺ ընտրությունների հետագծով. Միջազգային սկանդալ՞, թե՞ հայկական ավանդական «հնարամտություն»» («Իրատես դե ֆակտո»,12.06-14.06 2012թ.), «Ազգային Ժողովի փոխարեն՝ մեկուսարան» («ՉԻ», 21 հունիսի 2012թ.), «Կեղծ պատգամավորին սպառնում է չորս տարի ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ, իսկ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է անցկացնեն ծառայողական քննություն», «ՉԻ», 4 հուլիսի 2012 թ.), «Կեղծ պատգամավորը կամ Աղվան Հովսեփյանի դրածոն» («ՉԻ», 13 հուլիսի, 2012 թ.), «Անդադար Մարուքյան» («Ժողովուրդ», 23 հոկտեմբերի 2012 թ.), «Դատախազության կեղծ տեղեկանքով պատգամավոր է դարձել եւ պահանջում է դատախազներին պատժել» («ՉԻ», 7 նոյեմբերի 2012 թ.):
Մեզ մնում է ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներից են «հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները»:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավորից այս առնչությամբ մեկնաբանություններ խնդրեց, ինչին ի պատասխան նա ասաց. «Այս թեմային ես բազմիցս առիթ ունեցել եմ անդրադառնալու եւ այլեւս անհրաժեշտություն չեմ տեսնում մեկնաբանելու»:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
շարունակելի