Armenian text to speach

ԹՐԹՈՒՐՆԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Կոտայքի մարզի Թեղենիք եւ Արզական համայնքների բնակիչներն արդեն երկու շաբաթ է՝ հայտնվել են սարսափելի իրավիճակում. նրանց տները մեծ քանակությամբ տհաճություն եւ քոր առաջացնող թրթուրներ (օկնոգենա վնասատու) են լցվել: Արդյունքում՝ գյուղի երեխաների մեծ մասը գիշերներն անցկացնում է կամ այլ գյուղերում ապրող հարազատների տներում, կամ էլ՝ մեքենաներում: Գրեթե նույն պատկերն է նաեւ Արագածոտնի մարզի մի շարք այլ համայնքներում:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ շրջանում թրթուրները տարածվել էին Արարատյան հարթավայրում, ապա՝ Արմավիրի մարզի 10-12 գյուղերում, որտեղ բնակիչների ուժերով հնարավոր եղավ կանխել դրանց տարածումը:
Թեղենիքի բնակիչ Հենրիկ Հարությունյանի ընտանիքի անդամները՝ մասնավորապես երեխաները, արդեն մեկ շաբաթ է, ինչ տանը հայտնված թրթուրների պատճառով գնացել են Երեւան՝ հարազատների տուն: «Սկզբում տան բակում նկատեցինք թրթուրներին, կարծեցինք՝ սովորական որդեր են, կսատկեն, բայց հետո, երբ տունն օդափոխելու համար պատուհանները բացեցինք, երեկոյան արդեն դրանք հայտնվեցին տան բոլոր անկյուններում: Գյուղի 70 տոկոսի տանը հիմա թրթուրներ կան: Ստիպված երեխաներին ուղարկել եմ բարեկամի տուն, բայց դե այնտեղ էլ երկար չեն կարող մնալ»,-զայրացած ասաց պարոն Հարությունյանը: Նրա պատմելով՝ համապատասխան մասնագետները եկել են, սրսկել, բայց միեւնույն է՝ վնասատուները շարունակում են ձվադրել ու բազմանալ:
Թեղենիքցիների պնդմամբ՝ գյուղում երբեւէ նման վիճակ չի եղել: Համայնքապետ Մարատ Բաղդասարյանը շատ մտահոգված է, քանի որ թրթուրներն օր օրի ավելանում են ու լցվում բնակելի տարածքներ: Նրա խոսքով՝ միայն ավիացիոն պայքարի միջոցով հնարավոր կլինի ոչնչացնել դրանց: «Սակայն Հայաստանը չունի այդ ուղղաթիռից: Ինչի համար էլ, իմ տեղեկությամբ, այն պետք է ձեռք բերի հարեւան Վրաստանի Հանրապետությունից: Թե չէ այսպես հնարավոր չէ սրանց վերացնել, օր օրի ավելանում են»,-ներկայացրեց գյուղապետը:
Արզական համայնքում նույնպես ստեղծվել է այս սարսափելի պատկերը: Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահին համայնքում տրակտորներով սրսկումներ են իրականացվում: «Տհաճ է երեւույթը: Զզվելի է դրանց ներկայությունը տան պատին, սենյակում: Մարդիկ իրենք էլ իրենց տներում են սրսկումներ իրականացնում: Սա ամեն տարի էլ եղել է, ուղղակի այս տարի սովորականից շատ էր, ինչի համար էլ հասավ մինչեւ բնակելի տներ»,-մտահոգվեց Մովսիսյանը:
Նշենք, որ համայնքների բնակելի տներում հայտնված թրթուրների պատճառով մարդիկ ալերգիա են ձեռք բերում եւ անընդհատ քոր են ունենում: Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ այս ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: «Եթե կլինի մարդ, ով կհիվանդանա, ապա մենք պատրաստակամ ենք բնակչությանը բուժապահովման հարցով օգնել: Նման դեպքերում հնարավոր է՝ ալերգիկ ռեակցիաներ լինեն մարդկանց մոտ: Կոնկրետ թրթուրի դեպքում ալերգիաներ լինում են»,-լրացրեց առողջապահության վարչության պետը` ընդգծելով, որ դեռեւս նման ահազանգ չի արձանագրվել:
Իսկ ահա ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ ՀՀ պետբյուջեն այս՝ օկնոգենա վնասատուի դեմ պայքարի որեւէ միջոց չի նախատեսում: «Այս վնասատուն տարիներ շարունակ եղել է, ուղղակի այս տարի բնակլիմայական պայմանների բարենպաստ լինելու հետեւանքով մեծ տարածում գտավ: Այն կա ոչ միայն Թեղենիքում, Արզականում, այլեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում»,-նշեց փոխնախարարը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե օկնոգենա վնասատուի դեմ ավիացիոն պայքար իրականացվելո՞ւ է, Գ Պետրոսյանը պատասխանեց. «Ավիացիոն պայքար իրականացվում է միայն անտառային վնասատուի դեմ: Իսկ սա անտառային վնասատու չէ: Ինչպե՞ս կարող են բնակելի տարածքի վրա օդից թունաքիմիկատներ լցնել, չէ՞ որ դա մարդկանց համար խիստ վտանգավոր կլինի: Սրա դեմ պետք է պայքարել շատ ավելի վաղ ժամկետում: Եթե նույն տարածքում մոտ մեկ ամիս առաջ պայքարի միջոցներ կիրառեին, այս պատկերն այսօր չէինք ունենա եւ նման խնդրի առջեւ չէինք կանգնի»,-լրացրեց գյուղփոխնախարարը:
Տեղեկացնենք, որ նախօրեին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը այցելել են Թեղենիք համայնք: Նախարարությունը գյուղացիական տնտեսություններին տրամադրել է թունաքիմիկատներ եւ սրսկիչ մեքենաներ: Իսկ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը գյուղացիներին խոստացել է անհատույց կերպով տրամադրել դիզելային վառելանյութ՝ պայքարի միջոցառումներն իրականացնելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս