Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր սահմանին տեղի ունեցած հերաթական միջադեպին, որի հետևանքով մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել։
«Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել. գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադաձ կատարելով կպել զինվորի ձեռքին, թեթև վիրավորվածություն»,-ասաց նա։
Այն հարցին, թե սահմանին կարելի՞ է ասել լարված իրավիճակ է՝ հաշվի առնելով մի քանի օր առաջ ադրբեջանական զինուժի կողմից կատարված դիվերսիոն գործողությունները՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ընդհանուր առմամբ պետք է մենք հասկանանք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվելով, պարբերաբար լարված իրավիճակ լինում է»։
Նա նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հատվածում փորձ է եղել դիվերսիոն գործողություն իրականացնելու, սակայն մեր դիրքապահներն այն կանխել են։
«Խիստ կերպով պատժել են հակառակորդին, հակառակորդն ունեցել է կորուստներ և վիրավորներ ու հետ է շպրտվել»,-ասաց նա։