
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ դիմեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին` նշելով, թե հայտնի զվարճանքի վայրեր կան, որոնք առաջին հարկում են ու դառնում են այդ շենքերի բնակիչների համար գլխացավանք:
Փոխոստիկանապետը պատգամավորին հավաստիացրեց, որ տվյալ տարածքը սպասարկող ոստիկաններն անգիր գիտեն՝ ինչ օբյեկտներ գոյություն ունեն, որոնք են աշխատում գիշերային ժամերին:
«Վարչական օրենք կա քաղաքացիների անդորրը խանգարելու մասին, առաջին անգամ նախազգուշացում է կիրառվում: Ցանկացած ահազանգի հետքերով մեր ոստիկանները մեկնում են, իսկ եթե կա դեպք, երբ ոստիկանը չի իրականացնում իր պարտականությունները, մենք կարձանագրենք դա»,- ասաց նա:
Հարությունյանն արձագանքեց, որ ինքը դիմել է, իր ահազանգին շատ օպերատիվ արձագանքել են, սակայն ոչ թե պիտի սպասեն, որ դիմեն, այլ այդ վայրերի մոտ կարելի է գիշերային ժամերին ավելի ինտենսիվ դարձնել պարեկությունը:
«Հաշվի կառնենք»,- արձագանքեց Օսիկյանը: