ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ Է ՄԱՐԶՊԵՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գրեթե օր ու մեջ հայտարարում է, որ հայաստանյան դատական համակարգը վստահության խնդիր ունի: «Ժողովուրդ»-ը համաձայն է նախարարի հետ, քանի որ օրաթերթի դեմ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցը քննող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը բացահայտ ցույց է տալիս իր կաշկանդվածությունը ԲՀԿ-ական մարզպետից: Նա երեկվա դատական նիստի ընթացքում մերժել է «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի գրեթե բոլոր միջնորդությունները: Զավեշտն այնտեղ է հասել, որ երբ միջնորդություն է ներկայացվել մարզպետին դատարան հրավիրելու կապակցությամբ, դատավորը, փոխանակ քննելու այն, մարզպետի փաստաբաններին հորդորել է գնալ եւ ճշտել` գործադիր իշխանության ներկայացուցիչ Պողոսյանը ցանկանո՞ւմ է դատարան գալ, թե՞ ոչ: Այսպես եթե շարունակվի, դատավորը կսկսի նիստեր հրավիրել` կախված մարզպետի տրամադրությունից: Մինչդեռ նրա գործառույթը միջնորդությունը բավարարելը կամ մերժելն է: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը հիշել է, որ պետք է պայքարել ժողովրդավարական արժեքների, իրավունքների ու ազատությունների համար, ապա կարծում ենք, որ պետք է իր քվոտայով նշանակված տեղական իշխանիկին հորդորի ներկայանալ դատարան եւ ապացուցել, որ կաշառակեր չէ: Ինչո՞ւ է մարզպետը խուսափում «Ժողովուրդ»-ի հետ դեմ առ դեմ հանդիպումից:




Լրահոս