Վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած կիրակի ընտանիքով այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարան, այնուհետեւ հյուրընկալվել նրա հայրական տանը: Ինչ խոսք, Սպարապետի թանգարանը բաց է բոլոր այցելուների համար, ճիշտ այնպես, ինչպես Վազգենի բոլոր ժամանակների ու բոլոր քաղաքական ճամբարների ընկերների համար մշտապես բաց է նրա հայրական հյուրընկալ օջախը: Խնդիրն այն է, սակայն, որ այդ ընկերներն իրենց այցելություններից PR չեն անում: Քավ լիցի, մենք ամենեւին էլ չենք պնդում, թե Տիգրան Սարգսյանն այս այցով ցանկանում էր նախընտրական PR անել: Հավանաբար նա շատ մարդկայնորեն ցանկացել էր հանդիպել Վազգենի ընտանիքի հետ, որդուն ցույց տալ Սպարապետի թանգարանը եւ այլն: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ավելին, լավ կլիներ, որ մեր բոլոր պաշտոնյաներն իրենց զավակներին տանեին ոչ միայն Վազգենի թանգարան, այլեւ Եռաբլուր, որպեսզի նրանք իմանային, թե իրենց պապաների թալանած միլիոնների, իրենց քշած հարյուր հազարավոր դոլարանոց ջիփերի եւ առհասարակ ամեն ինչի համար ում են պարտական: Սակայն Տիգրան Սարգսյանի այս այցելության հետ կապված` կա մի փոքրիկ մանրամասն, որը, ինչքան էլ չցանկանանք, հարցերի տեղիք է տալիս: Բանն այն է, որ վարչապետն այդ այցելության մասին գրել է իր բլոգում: Հիմա կասեք` դրա մեջ ինչ կա: Մարդը կարող է, չէ՞, գրել անձնական կյանքի, ոչ աշխատանքային օրերին կատարած այցելությունների մասին: Ինչ մի արտառոց բան կա նրանում, որ երկրի վարչապետը, ընտրությունների շեմին, այցելում է Սպարապետի հայրական տուն, հատուկ լուսանկարվում նրա ընտանիքի հետ եւ այդ նկարը տեղադրում իր կայքում: Ի վերջո, հո նա մեղավոր չէ՞, որ լրատվամիջոցներն ամեն տեղ իրենց «քիթը խոթում են» ու հրապարակայնացնում վարչապետի անձնական այցելությունները:
Չկասկածելով վարչապետի մղումների ազնվությանը` ափսոսում ենք, որ նա չի նշել, թե վերջին անգամ երբ է եղել Սպարապետի հայրական տանը կամ թանգարանում: Համենայնդեպս, հրաշալի հիշում ենք, որ այդ նույն թանգարանի բացմանը` 2001թ. մարտի 1-ին, նա ներկա չէր: Ինչպես նաեւ 2000թ.-ից առնվազն մինչեւ 2006 թվականը` Քոչարյանի վազգենատյացության ամենասուր շրջանում, Վազգենի մահվան եւ ծննդյան օրերին ներկա չէր լինում Եռաբլուրում: Թեպետ, ով գիտե, գուցե նա այցելում էր Սպարապետի շիրիմին ուշ գիշերով` լրատվամիջոցների ու քոչարյանական գործակալների անցանկալի աչքերից հեռու տուրք տալու իր տխրությանը:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը բոլորովին պատահաբար է կարդացել եւ կայքում զետեղել Գրետա մայրիկի նվիրած «Վազգենը» գրքի հենց այն հատվածը, որտեղ եւս մեկ անգամ հիշեցվում է, որ Սպարապետը հանրապետական էր: Նա նաեւ դիմել է Վազգենին` նշելով, որ «բոլոր դափնիները նրանն են»: Ինչպիսի՜ հուզիչ խոսքեր: Միայն թե ափսոս, Տիգրան Սարգսյանը չի գիտակցում, որ նա այն գործիչը չէ, որ պիտի որոշի Վազգենի դափնիների հարցը:
ԱՆԴԱՓՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ