Երևանի 51-ամյա բնակիչ Արայիկ Ավետիսյանը անզգուշությամբ սպանել է իր հարևան 78-ամյա Վաչագան Հարությունյանին:
Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել սույն թվականի փետրվարի 20-ին, Երևանի Քանաքեռ ՀԷԿ 9-րդ և 16-րդ շենքերի բակում տեղադրված զրուցարանում:
Վերոնշյալ սպանության պատճառը եղել է թղթախաղի սխալ խաղը:
Այսպես, թղթախաղի ընթացքում վիճաբանություն է սկսվել Ա. Ավետիսյանի և Վ. Հարությունյանի միջև, ինչը զուգորդվել է Ավետիսյանի կողմից Հարությունյանին քաշքշելով, ապա հրելով:
Հրելու արդյունքում Վ.Մանուչարյանը վայր է ընկել և գլուխը հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին՝ ստանալով գանգուղեղային փակ վնասվածք և գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 109 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող քրեական գործը քննվում է դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում:
Տուժողի իրավահաջորդն է Ռուբիկ Մանուչարյանը:
Տաթև Հարությունյան