ՆՐԱՆՑ ՏՈՆԸ ՉԷ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի երեկվա համարում տպագրված պաշտոնյաների ցանկը, որոնք բանակում չեն ծառայել, ինչպես եւ սպասվում էր, բավականին բուռն արձագանք է ունեցել: Խմբագրություն էին զանգահարում ամենատարբեր խավի ներկայացուցիչներ` շնորհակալական խոսքերով:
Բնականաբար, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը չկատարած չինովնիկները նեղսրտել են` տեսնելով իրենց լուսանկարները: Իսկ մի խումբն էլ դեռ սպասում է, որ առաջիկայում իր լուսանկարը եւս կարող է հրապարակվել` որպես դասալիք:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բարձրաստիճան իշխանիկները սփոփում են երիտասարդ դասալիքներին, թե բանակում չծառայելն արատ չէ, ավելին, կարեւոր է, որ մարդ լուրջ կրթություն ստանա, երկրին պիտանի մասնագետ դառնա: Իհարկե, մենք դեմ չենք: Կրթվածությունը մարդու ամենակարեւոր արժանիքներից մեկն է, բայց արդյո՞ք արժե կրթվել հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը չկատարելու հաշվին: Եւ եթե այսօր տաքուկ պաշտոններ զբաղեցնողներն այդքան հայրենասեր են ու հենց այդ մղումներով են ամենաեկամտաբեր օղակներում հայտնվել, ապա ոչ ոք չի խանգարում նրանց գնալ եւ մի քանի ամիս` թեկուզ պաշտոնի բերումով, պահպանել մեր հայրենիքի սահմանները: Այ երբ գնան ու հայրենիքի հանդեպ իրենց ունեցած պարտքն այդ ճանապարհով հատուցեն, հաստատ մենք ավելի քիչ բան կունենանք գրելու: Իսկ եթե իրենց պատվից ցածր են համարում խրամատում հայտնվելը, ապա հաստատ բարոյական իրավունք չունեն խոսելու այն մարդկանց մասին, որոնք քննադատում են հայոց բանակում տիրող բարքերը: Հայրենասիրությունը միայն թանկարժեք ավտոմեքենաներով շրջելն ու տաքուկ սենյակներից հարցազրույցներ կամ ցուցումներ տալը չէ: Չմոռանանք, որ այն երիտասարդները, որոնք տարբեր պատճառներով բանակում չեն ծառայել եւ միաժամանակ չունեն հզոր տանիք, ազդեցիկ պապա կամ հարուստ քավոր, այդպես էլ չեն կարողանում պետական համակարգում աշխատանքի տեղավորվել, քանի որ տաբու կա դրված՝ «զինվորական գրքույկ չունես»: Իսկ ինչպե՞ս են այս պարոնները սողոսկել պետական համակարգ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս