Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Իսկ «Ժողովուրդ»-ի հակընդդեմ հայցի քննությունը դատավոր Արթուր Թամրազյանը որոշեց շարունակել հաջորդ դատական նիստին:
Մոտ երկու ժամ տեւած դատական նիստի ընթացքում Նվեր Պողոսյանի փաստաբանները դատավորին համոզում էին, որ մարզպետի` դատարանում ներկա գտնվելն անիմաստ է: Սակայն դատավոր Թամրազյանը նշեց, որ պետք է իրենց վստահորդի հետ պարզել` արդյոք նա եւս չի ցանկանում դատարան ներկայանալ եւ հաջորդ դատական նիստին ցուցմունք տալ: Երեկվա դատական նիստին չէր ներկայացել նաեւ որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը, սակայն կողմերը չառարկեցին, եւ նիստը շարունակվեց առանց նրա:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար: Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել է եւ օրաթերթից պահանջում է 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու դիմաց: Իսկ «Ժողովուրդ»-ը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ խորհրդանշական` մեկ լումայի փոխհատուցում:
Նշենք, որ անցած դատական նիստին «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը դատարանին ներկայացրեց երեք գրություն, որոնք «Ժողովուրդ»-ը հասցեագրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ մարզպետ Նվեր Պողոսյանին: Ճարոյանը միջնորդեց նաեւ, որ գործի նյութերին կցվեն 6-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը` կապված մարզպետի` կաշառք վերցնելու փաստի հետ:
Այս միջնորդությանը մարզպետի փաստաբանները միանգամից առարկեցին` պատճառաբանելով, որ իրենք 6-րդ վարչությունում նախապատրաստված նյութերի վերաբերյալ արդեն պատասխան ստացել են: Դատավորը որոշեց մերժել միջնորդությունը, իսկ Ճարոյանը նշեց, որ եթե այդ նյութերը կցվեին գործին, ապա այդ դեպքում ավելի հեշտ կլիներ ապացուցել, որ մարզպետը կաշառք է վերցրել:
Ի դեպ, նկատենք, որ երեկ մարզպետի փաստաբանները շատ «ագրեսիվ» էին: Վերջիններս կարծես հրահանգ էին ստացել, որ պետք է ամեն ինչ անել դատական նիստերն ավելի արագ անցկացնելու եւ հարցը փակելու համար, քանի որ յուրաքանչյուր միջնորդությունից հետո հայտարարում էին, որ կարիք չկա այդ միջնորդությունների պատճառով անընդհատ երկարացնել դատավարությունը:
Չնայած Նվեր Պողոսյանի փաստաբաններն աճապարում էին օր առաջ վերջ դնել դատավարությանը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը համբերատար միջնորդեց, որպեսզի դատավարությանը ներկա գտնվեն նաեւ մարզպետ Նվեր Պողոսյանն ու իր վարորդը, որը, Աննա Թորոսյանի խոսքերով, 3000 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցել էր նրան, ինչպես նաեւ Աննայի մրցակից Արթուր Մխիթարյանը: Դատավոր Արթուր Թամրազյանը նշեց, որ մարզպետի մասնակցության հարցը փաստաբանները պետք է ճշտեն իրենց վստահորդի հետ եւ հաջորդ դատական նիստին պատասխանեն: Ինչ վերաբերում է մարզպետի վարորդին եւ մրցույթի մյուս մասնակցին, ապա նրանց մասով միջնորդությունը մերժվեց:
Նշենք, որ Պողոսյանի փաստաբաններն անգամ դատավորի խոսքից հետո ամեն ինչ անում էին, որպեսզի «Ժողովուրդ»-ի ներկայացուցչից տեղեկանան, թե ինչ հարցեր են տրվելու մարզպետին, եթե նա ներկայանա դատավարությանը:
Այնուհետեւ հայցվոր կողմը եւ դատավոր Թամրազյանը հարցեր ուղղեցին «Ժողովուրդ»-ին` խնդրելով հիմնավորել մարզպետ Նվեր Պողոսյանի` կաշառք վերցնելու փաստը: Հարցերի ավարտից հետո որոշվեց քննել հակընդդեմ հայցը, սակայն ժամանակային առումով դա հնարավոր չէր, եւ դատավոր Արթուր Թամրազյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ փետրվարի 9-ը` ժամը 15:00-ն:
ՄԱՐԶՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՆԱ ԴԱՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ