Հարություն Առաքելյանը հերթական` թվով 7-րդ «բաց ֆաքսն» է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ստորեւ ներկայացնում ենք այն` որոշակի կրճատումներով:
«Պարո՛ն վարչապետ, այս «բաց ֆաքսն» ընդունեք որպես նախորդ «բաց ֆաքս-6»-ի շարունակություն, քանի որ իմ ուսումնասիրությունների արդյունքում հարցից հարցեր են առաջանում:
Դեռեւս 2009թ. հայաստանյան լրատվամիջոցները մատնանշում էին այն շրջանառվող լուրերը, որ «Նաիրիտ» գործարանը մեծ ցանկություն է ցուցաբերում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 40 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու հարցում եւ այդ կապակցությամբ նամակով դիմել է կառավարությանը: Իսկ մինչ այդ 2008թ. 90 տոկոս մասնավոր բաժնեմաս ունեցող «Նաիրիտ» գործարանը շուրջ 4,2 միլիարդ դրամի դատ էր շահել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ:
Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ պարտքն առաջացել է Չինաստան առաքված կաուչուկի արտադրության համար նախատեսված հոսքագծի պատճառով: Զարմանալին այն է, որ այդ հոսքագիծը (ոչ լիակազմ) գնահատվել է 14 միլիոն դոլար, իսկ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին «Նաիրիտ» գործարանը «վաճառելու» ժամանակ այդ նույն հոսքագծից գործարանում կար եւս երկուսը:
Այսինքն, եթե ամբողջ գործարանը վաճառվել է 40 միլիոն դոլարով, ապա միայն այդ երկու հոսքագծի արժեքը կազմում է 28 միլիոն դոլար, այն դեպքում, երբ կաուչուկի արտադրամասը (որտեղ տեղակայված են հոսքագծերը) կազմում է գործարանի ընդհանուր արժեքի շուրջ 10 տոկոսը: Այստեղ պարզ հետեւություն կարելի է անել, որ ոչ լիակազմ մեկ հոսքագիծը չէր կարող արժենալ 14 միլիոն դոլար կամ գործարանն է «վաճառվել» շատ էժան գնով: Խորանալով 4,2 միլիարդ պարտքի գոյացման հարցում` պարզեցի, որ զավեշտալի իրողություն է կատարվել դատավարության ընթացքում:
Զարմանալի է նաեւ, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը որեւէ քայլ չի կատարել իր շահերը պաշտպանելու համար` չի բողոքարկել վերին դատական ատյաններում այս անօրինական վճիռը:
Այս ամենի մեջ տարօրինակ է նաեւ այն, ինչպես նշել էի «ֆաքս-6»-ում, որ ՀՀ ֆինանսների նախարարը նամակ է գրում եւ գումար է հատկացնում «Նաիրիտ» գործարանում 3,5 տոկոս բաժնեմաս ունեցող ՀԱՅԳԱԶԱՐԴ ՓԲԸ-ին NUMARD TRADING LTD օֆշորային ընկերության հանդեպ դատում պարտված բաժնետիրոջ շահերը պաշտպանելու համար, իսկ այս դեպքում` 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ պարագայում որեւիցե քայլ չի ձեռնարկում պետական ունեցվածքը պաշտպանելու համար:
Իմ խորին համոզմամբ` այս ամենի իմաստն արհեստական պարտք գոյացնելն էր, որի նպատակը պարզվեց այն ժամանակ, երբ «Նաիրիտ» գործարանը` ի դեմս Վահան Մելքոնյանի, գրությունով դիմեց ՀՀ վարչապետին` առաջարկելով պետական «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն 4,2 միլիարդ դրամ արհեստածին պարտքի դիմաց հանձնել 90 տոկոս մասնավոր «Նաիրիտ» գործարանին: Այդ հարցի հետ կապված՝ նաեւ որոշվել էր ստեղծել հասարակական կարծիք, իրականացվել էր քարոզչություն, եւ հարցը նույնիսկ քննարկվել էր ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում, որը նախագահել էր Վազգեն Սաֆարյանը, իսկ հանձնաժողովի եզրակացությունն այդպես էլ մնաց մամուլից գաղտնի:
Վերադառնալով նախատեսված գործարքի բուն նպատակին` ցանկանում եմ նշել, որ ինձ համար պարզ դարձավ, որ «Նաիրիտ» գործարանը, դառնալով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի սեփականատեր, մեխանիկորեն դառնալու էր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնետեր: Սակայն հայաստանյան լրատվամիջոցները երբ սկսեցին անդրադառնալ այս պատմությանը` չմոռանալով մատնանշել Չինաստանում ՀՀ դեսպան` ՀՀ վարչապետի եղբոր նախապատրաստական գործունեությունն այս հարցում, այս գործարքը սառեցվեց:
Ահա ողջ իրողությունը…
Այժմ կներկայացնեմ հարցեր, որոնց պատասխանն իրավապահների համար ցանկալի կլինի լսել հենց ՀՀ վարչապետից.
-արդյո՞ք միակողմանի ստորագրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա կայացված դատական վճիռը դատավարության ընթացքում կարելի է դիտարկել որպես նախադեպ.
-արդո՞ք դատավորը պարտավոր չէր նմանատիպ ոչ հիմնավոր գործը վերադարձնել հայցատիրոջը կամ գոնե դատավարության ընթացքում նշանակեր ապրանքագիտական-փորձագիտական քննություն եւ ստանար եզրակացություն` հոսքագծի իրական արժեքի վերաբերյալ.
-արդյո՞ք Չինաստանում ՀՀ դեսպան Ձեր եղբայրը երբեւիցե առնչություն ունեցել է հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկությանը»:
«ՆԱԻՐԻՏ»-ԻՆ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՊԱՐՏԱՊԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ