72-ամյա Ալբերտ Հերոյանին, ով Ազգային Ժողովում աշխատում է որպես այգի նայող, օրերս նեղացրել են նիկոյանական «խունվեյբինները»` տանելով նրա առանձնասենյակի փափուկ կահույքը: Բայց Ալբերտ Խոսրովիչը դրանից շատ չի նեղվել, քանի որ համերկրացի Սամվել Նիկոյանը պահպանել է ԱԺ նախագահի խորհրդականի նրա պաշտոնը:
Ալբերտ Հերոյանին, իհարկե, ո՛չ խորհրդականի աշխատավարձն է պետք, ո՛չ էլ թոշակը, բայց պաշտոնը պետք է, որպեսզի իրեն չզգա շարքերից դուրս մղված, մոռացված: Ի վերջո, մշտապես գտնվելով ԱԺ-ում, գրեթե նախագահի կողքին` Հերոյանը լուծում է անձնական հարցեր, ապահովում սեփական բիզնեսի «տանիքը»: Ալբերտ Հերոյանի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ հատկապես Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի ժամանակ, երբ նա սիրահոժար հանձնեց հնամենի գործարանն իր մեծագույն հարստություններով եւ հայտնվեց ԱԺ պատգամավորի աթոռին: Իր պահուստներով, հնեցված կոնյակների հավաքածուներով այս գործարանի իրական գինը մոտենում էր կես միլիարդ դոլարի, մինչդեռ Հերոյանի գործուն մասնակցությամբ այն «ջրի գնով» վաճառվեց` միանգամից «երջանկացնելով» մի քանի հոգու, որոնց մեջ Հերոյանը բնավ էլ վերջին տեղերում չէր:
Ալբերտ Հերոյանը ծնունդով Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկից` Ազատանից է, որտեղ հետագայում, երբ պատգամավոր էր, ահռելի գյուղատնտեսական հողերի տեր դարձավ, բերեց հոլանդական կարտոֆիլի ինչ-որ սերմեր, որոնք ոչ մի օգուտ էլ չտվեցին, սակայն դարձյալ ավելացրեցին դեպի Հերոյանի գրպանը գնացող ֆինանսական հոսքերը: Նրա կենսագրությունը չափազանց հարուստ է պաշտոնավարումների շարքով: Ավարտել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը` սննդամթերքի ապրանքագետի որակավորմամբ: Չկարողացանք ճշտել, թե որ թվականին է ավարտվել, սակայն 23 տարեկան հասակում, ինչպես նշված է կենսագրության մեջ, դարձել է Օձունի սննդի կոմբինատի գլխավոր ճարտարագետ եւ պաշտոնավարել մինչեւ 1975 թվականը: Դե պարզ է, որ այս տարիներին էլ ձեւավորվել են նրա ֆինանսական միջոցները, որովհետեւ բոլորիս է քաջ հայտնի, թե իրենցից ինչ էին ներկայացնում սննդի կոմբինատները, եւ ինչ «մեխանիզմներ» էին այնտեղ գործում: Եթե Օձունում Հերոյանը մնաց տասներկու տարի, ապա Քարակերտի պահածոների գործարանի գլխավոր ճարտարագետի պաշտոնը նա վայելեց ընդամենը երկու տարի եւ արդեն 1977-ին նշանակվեց Արարատի պահածոների կոմբինատի գլխավոր տնօրեն: Ա՛յ սա արդեն գործ էր` հարուստ շրջան, հսկայական եկամուտներ, սովետական համակարգ, երբ կոմբինատ տարվող բերքի մի մասը գրանցվում էր որպես փչացած, արտադրության համար ոչ պիտանի… Այս շրջանում Ալբերտ Հերոյանը «բարեկամություն» հաստատեց շրջանի սովետական եւ կոլեկտիվ տնտեսությունների ղեկավարների հետ, որոնք էլ ապահովում էին թե՛ իրենց, թե՛ Հերոյանի եկամուտները: 1993-ին, օգտվելով երկրում ստեղծված ծանր ու դժվարին վիճակից, Հերոյանը հայտնվեց կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում: Իր համար վատ ժամանակաշրջան չէր, որովհետեւ ո՛չ հաշվառող կար, ո՛չ էլ պահանջող:
1995-ին Ալբերտ Հերոյանին դարձրին ԱԺ պատգամավոր: Իսկ 1998-ին էլ ուղարկեցին Արմավիրի մարզ` մարզպետի պաշտոնում աշխատելու: Ինչպես կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի, այնպես էլ մարզպետի պաշտոնը Հերոյանին նվիրաբերեց նրա վաղեմի ընկերը` Վազգեն Սարգսյանը` համոզված, որ Հերոյանը նվիրված է նոր իշխանություններին: Կիսագրագետ, կոպիտ, ենթակաների հետ տնավարի խոսող, խորհրդակցությունների ժամանակ արտահայտած իր մտքերով ծիծաղ հարուցող, գլոբալիզացիան օպտիմիզացիայից չտարբերող այս մարդն ութ տարի ղեկավարեց՝ մարզից արտագաղթը հասցնելով անընդունելի չափերի, գրեթե ավերելով գյուղատնտեսությունը, փոխարենը զարկ տալով իր եւ մտերիմների անձնական բիզնեսին:
Մարզում տեր դառնալով մի քանի հազար հեկտար հողատարածքի` Հերոյանը գյուղացիներին պատկանող հողերն առանց օրինական աճուրդի հատկացրեց այն ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչ Ռոզա Մկրտչյանին, դատավոր Եվա Գեւորգյանի ամուսնուն ու նրա հարազատներին, իր եղբորորդի Տիգրան Հերոյանին, Արմավիրի նախկին ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանին, նախկին փոխմարզպետ Փառանձեմ Կարապետյանին, կահույքի գործարանի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանին, մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լարիսա Մուրադյանին եւ էլի ուրիշների: Նման թալանն աննախընթաց էր, սակայն ոչ ոք չուզեց բռնել Հերոյանի ձեռքը, որովհետեւ մարզում նա իրեն բդեշխի նման էր պահում:
Ցանկացած ապօրինություն նրան ներվում էր, որովհետեւ ժամանակին սողալով Կարեն Դեմիրճյանի ոտքերի մոտ, հավատարմության ցույցեր սարքելով Վազգեն Սարգսյանի առջեւ` այս մարդը հետո էլ, հանուն իր գոյության, ամեն ինչ արեց` արժանանալու Ռոբերտ Քոչարյանի բարեհաճ վերաբերմունքին: «Ալբերտ Հերոյանն իր աշխատասենյակ է հրավիրել մարզի բոլոր գյուղապետերին եւ նրանցից պահանջել գյուղի բնակիչների ցուցակը: Ներկաներից մեկը պնդում էր, որ գյուղապետերից մեկին պարոն Հերոյանն այսպես էր հրամայում. «Գյուղում յոթ հարյուր ընտրող ունես, ա՛յ տղա, հինգ հարյուրի ձայնը պիտի Ռոբերտ Քոչարյանի համար բերես»: Բնականաբար, մնացած գյուղապետերին նույնպես այդպես է հրամայել»,-ժամանակին գրել է մամուլը: Սակայն կարճ ժամանակ անց Հերոյանն անսպասելիորեն զգաց իր թուլությունը եւ ստիպված եղավ ղեկավարությանը տեղյակ պահել, որ այլեւս ի վիճակի չէ վերահսկել նախընտրական վիճակն իր մարզում եւ պատրաստ է հրաժարական տալ: «Սա,-գրել է «Հայկական ժամանակ»-ը,-տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ի հեճուկս վերեւից եկած հրահանգների եւ սեփական ցանկության` Ալբերտ Հերոյանը չի կարողացել տապալել մի շարք ընդդիմադիր գործիչների նախընտրական հանդիպումներն իր մարզում»:
Հերոյանն, իհարկե, ինքնակամ հրաժարական չտվեց, նրան «խնդրեցին» հեռանալ, որովհետեւ Արմավիրի մարզում այլեւս անհնար էր զսպել մարդկանց զայրույթը:
ԾՊՏՅԱԼ ՕԼԻԳԱՐԽԸ` ԱԼԲԵՐՏ ՀԵՐՈՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ