Դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք Շիրակի մարզի կրթական ու առողջապահական համակարգերը դաշնակցականացվեցին, հետո եկավ Լիդա Նանյանը, եւ ինչպես ասում է ՀՅԴ տեղի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը` «տնօրենը պետք է լինի ոչ թե դաշնակցական, այլ հանրապետական» կարգախոսով սկսեց աշխատել: Ինչպես պարզվում է, Նանյանից հետ չի մնում նաեւ ներկայիս մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի հրապարակած տվյալների համաձայն` Գյումրու պետական 39 դպրոցների եւ 3 վարժարանների տնօրեններից 24-ը հանրապետականներ են, ուշագրավն այն է, որ 8-ը հանրապետական են դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: Բուհերից ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը ԲՀԿ ներկայացուցիչ է, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը` հանրապետական: Անկուսակցական է ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահան Շահբազյանը, սակայն հայտնի է, որ ՀՊՃՀ ռեկտորն է նժդեհյան «վաստակաշատ» գաղափարակիր: Հիմա էլ լուրեր են պտտվում, որ մասսայական հանրապետականացվում են հիվանդանոցների տնօրեններն ու բուժաշխատողները: Այս լուրն, իհարկե, չեն հաստատում ՇՄ առողջապահության վարչությունից: Առողջապահության բաժնի պետ Եղիշե Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ նման բան չկա, ով որ կուսակցության գաղափարախոսությունն ընդունում է, նրան էլ կարող է անդամակցել:
«Մաքսիմալ ջանքեր եմ գործադրել, որպեսզի Ավստրիական մանկական հիվանդանոցն ապաքաղաքական կառույց լինի: Մեր հիվանդանոցում բոլորն էլ կարող են ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը»,-ասում է հիվանդանոցի տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանը: Վերջինիս խոսքերով` ինքը դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք չէ, որ դարձել է դաշնակցական, այլ ուսանողական տարիներից է սկսել իր կուսակցական գործունեությունը: Նրա հավաստմամբ` իրենց վերեւներից էլ չեն ստիպում դառնալ այլ կուսակցության ներկայացուցիչ: Ի տարբերություն Ավստրիականի, Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը հիմա իրեն անկուսակցական է համարում, թեեւ մի քանի տարի առաջ (գուցե նաեւ հիմա) ՀՅԴ ներկայացուցիչ էր: Քանի որ ակտիվորեն չի մասնակցում ՀՅԴ հավաքներին, ենթադրում է, որ իրեն դուրս են հանել կուսակցության շարքերից: «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանն էլ հիշում է, որ մի ժամանակ, այո՛, մասսայական դաշնակցականացվել են բուժհիմնարկները, սակայն այսօր դաշտը համարում է ավելի լիբերալ:
Ի դեպ, մարզպետարանի առողջապահության վարչությունից հերքեցին նաեւ այն լուրը, որ հրահանգում են ցուցակագրել բուժաշխատողներին, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ձայն տան Հանրապետական կուսակցությանը:
Գյումրի