Ռուստամ Մախմուդյանը եւ եզդիական հասարակական կազմակերպությունները հուսախաբ եղան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 2-ին լրանալու է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արդեն որոշում կա, որ Գ. Գրիգորյանին փոխարինելու է Տ. Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), եւ ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում, եթե Գրիգոր Գրիգորյանը հետ չվերցնի դիմումը, ԱԺ-ն համապատասխան կարգով արձանագրություն կուղարկի ԿԸՀ եւ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում նոր պատգամավորը կստանա իր պատգամավորական մանդատը»: Նշենք, սակայն, որ ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի` Գ. Գրիգորյանին ԱԺ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ինչի կապակցությամբ եզդիական հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել Ծառուկյանին ուղղված հայտարարությամբ. «Քանի որ հիմա կա հնարավորություն Ձեր ղեկավարած կուսակցության ցուցակով ԱԺ-ում ունենալ ազգությամբ եզդի պատգամավոր, մենք՝ Հայաստանի եզդիական համայնքի հազարավոր ներկայացուցիչներս, Ձեզ ենք դիմում խնդրանքով ու մեծ ակնկալիքով, որ այս անգամ մեր համայնքը հուսախաբ չի լինի, ու Ձեր օգնությամբ մենք վերջապես Ազգային Ժողովում կունենանք մեր ազգի ներկայացուցչին»: Բայց ԲՀԿ-ի որոշումից պարզվում է, որ Ծառուկյանը լավ էլ հուսախաբ է անում: Ստացվում է, որ ԲՀԿ-ին երբ պետք էր եզդիների ձայները` նրանց ներկայացուցչին ցուցակ են ընդգրկել, սակայն հիմա երբ եկել է փոխհատուցելու պահը, մանդատը «հաց տվողին» են տալիս»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում 




Լրահոս