ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մայիսի 9-ի գիշերը Սյունիքի մարզի Մեղրու Ագարակ զորամասում բենզինի «բակի» մեջ խեղդամահ եղած Նարեկ Գալստյանի հորաքույրն ու մյուս հարազատներն արդեն 4 տարի է` ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի մոտ ու շարունակում հավատալ, որ Սեյրան Օհանյանի տված խոստումը մի օր իրականություն կդառնա:
2008թ. մայիսի 10-ին` առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Նարեկ Գալստյանի դին դուրս է բերվել 2,70սմ խորությամբ բենզինի կիսադատարկ «բակից»: Թե ինչպես է 1,90սմ հասակ ունեցող երիտասարդը խեղդվել այնտեղ, զինվորի հարազատների համար առ այսօր հանելուկ է: Արդեն 4 տարի է` Նարեկ Գալստյանի հարազատները, ըմբոստության ոչ մի մեթոդ բաց չթողնելով, փորձում են մեր երկրի ղեկավարությանը ստիպել զբաղվել այդ հարցով եւ պատժել զինվորի մահվան մեջ մեղավոր անձանց: Սակայն նրանց փորձերն առայժմ ապարդյուն են: Նարեկ Գալստյանի մայրը գտնվում է հոգեբուժարանում, իսկ հայրը, հորաքրոջ խոսքերով, որդու գերեզմանից տուն չի գալիս: Գալստյանների գերդաստանի միակ արու զավակը կարատեի չեմպիոն էր, ընտանիքի հույսն ու ապավենը:
Մինչ օրս բաց է այն հարցը, թե ինչպես կարող է ժամկետային զինծառայողը գիշերվա ժամը 2-ին գտնվել դրսում, եւ այդ դեպքում ինչով են զբաղված սպաներն ու հրամանատարները:
Նարեկ Գալստյանի հորաքրոջ խոսքերով`  զինվորի  մահվան առթիվ հարուցված քրեական գործն անցկացվել է հարազատներից գաղտնի եւ փակվել է նախաքննությունից ընդամենը մի քանի օր անց: Ռազմական ոստիկանության աշխատակիցները պնդում են, որ Նարեկը դեպքի վայրում մենակ է եղել եւ խեղդվել է գողության փորձի ժամանակ: Թե բենզինի կիսադատարկ «բակից» Նարեկն ինչ էր փորձում գողանալ, պարզ չէ: Սակայն այն, որ  ռազմական ոստիկանության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Նարեկի հարազատների հետ հանդիպումներից մեկի ժամանակ  իրեն թույլ է տվել բացականչել` «լավ ա եղել, գողերին տենց էլ պետք էր», հանգիստ չի տալիս խեղդամահ արված զինվորի հարազատներին:  

ԱՆԻ ՂԱՆԴԻԼՅԱՆ




Լրահոս