Քաղաքացիություն ստանալու համար 2013թ. ՀՀ նախագահին դիմել է 21 հազար
անձ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն
Սարգսյանը: Նա նշեց, որ այդ 21 հազարից յուրաքանչյուրի անձնական գործը մանրամասն ուսումնասիրվում է:
«Ընդամենն ուզում եմ, օգտվելով առիթից, ասել, որ նախորդ տարվանից շատ կատարելագործվել է նաև դիմումատուի կողմից դիմումին հետևելու ընթացակարգը: Անցյալ տարվանից քաղաքացիության կամ հատուկ կացության համար դիմած անձն անմիջապես ստանում է համար, որով կարողանում է ինտերներով հետևել իր դիմումի շարժին, պարբերաբար ստանում է sms կամ էլետրոնային փոստով հաղորդագրություններ դիմումի՝ հերթական փուլ տեղափոխվելու մասին»,- ասաց նա:
Վ. Սարգսյանը նշեց, որ իրենք շարունակելու են այդ աշխատանքի կատարելագործումը, նաև հեռախոսով հարցումների ավտոմատացված համակարգ են ներդնելու ընթացիկ տարվա ընթացքում:
«Ըստ մեր Սահմանադրության և օրենսդրության՝ ցանկացած անձ, ով դիմում է ու ստանում ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի համար ՀՀ քաղաքացի է, և մենք երկքաղաքացիության ինստիտուտը չենք դիտում այն կտրվածքով, թե նա որևէ այլ երկրի քաղաքացի հանդիսանու՞մ է, թե ոչ», – նշեց նա: