ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կուզեի իմանալ, թե ճանապարհների վրա փակցված ցուցանակների բացակայության դեպքում ուր եւ ում պետք է դիմել: Վերջերս, երբ Ալավերդի տանող ճանապարհը փլուզված էր, ու մենք փորձեցինք այլ ճանապարհով հասնել Նոյեմբերյան,  մոլորվեցինք: Մարց գյուղից ցուցանակ չկա, որ իմանանք, թե որ ճանապարհը որ կողմն է գնում: Այդպիսի շատ ու շատ  ճանապարհներ գիտեմ, որտեղ բացակայում են ցուցանակները:

Կարեն Դավթյան, 31 տարեկան, վարորդ


ՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր միջպետական եւ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհների վրա ցուցանակներ կան տեղադրված: Իսկ մնացած մարզային կամ համայնքային ճանապարհների ցուցանակների բացակայության դեպքում պիտի մարզպետարանները, քաղաքապետարանները զբաղվեն: Ինչ վերաբերում է նշված տարածքին, ապա Ալավերդիից դեպի Նոյեմբերյան տանող հանրապետական եւ միջպետական ճանապարհին կից երկու տեղ` Դսեղ եւ Թումանյան գյուղերում, համապատասխան ցուցանակներ հաստատ կան: Իսկ մնացած գյուղերում, տվյալ դեպքում` Մարց գյուղում, եթե ցուցանակ չի եղել, ապա դա տրանսպորտի եւ կապի նախարարության խնդիրը չէ, եւ այդ հարցով մարդիկ պիտի տվյալ համայնքին դիմեին:
Եթե հանրապետական կամ միջպետական ճանապարհների հետ կապված խնդիրներ առաջանան, ցուցանակներ բացակայեն, ապա, բնականաբար, քաղաքացիները պետք է դիմեն տրանսպորտի եւ կապի նախարարություն:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո
խոսնակ Սուսան Տոնոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եղած ցուցանակների մի մասն էլ այնքան հին է, որ վաղուց անընթեռնելի է դարձել: Ցուցանակ տեղադրելն, իհարկե, մեծ ծախս չի պահանջում, այն ուշ է մաշվում ու հատուկ պահպանության կարիք էլ չունի: Այնպես որ, զանգվածաբար կարելի է դրանցից պատվիրել եւ ամենուր տեղադրել ու ոչ թե արդարանալ, որ այս ու այնտեղ ճանապարհի շարունակությունը հուշող պաստառներ, այնուամենայնիվ, կան:




Լրահոս