«Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհատակյա ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց թիվը հասել է 60-ի եւ ոչ մի տեղեկատվական արտահոսք: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2008-ից մոտ 2,5 տարի ընդհատակում անցկացրած ժամանակաշրջանին:

«Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից:

2008 թվականի մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի:

Սա հզորագույն հոգեւոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, եւ ոչ մի տեղեկատվական արտահոսք: 60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս:

2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ եւ ձերբակալվեցի, ապա դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անցկացրի անազատության մեջ եւ համաներմամբ ազատ արձակվեցի 2011 թվականի մայիսի 27-ին:

Իմ վերադարձը տեւեց ուղիղ երեք տարի երեք ամիս:

Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն:

Շնորհակալություն՝ ընդհատակի իմ պահապան հրեշտակներին:

Շնորհակալություն նրանց, ովքեր պայքարել են հանուն իմ քաղբանտարկյալ ընկերների եւ իմ ազատության:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են, բոլոր նրանց՝ ում սիրտը ցավացել է:

Շնորհակալություն իմ ընտանիքին, ում սերն ապրեցրել է ինձ՝ նույնիսկ ամենահուսահատ ժամերին:

եւ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:




Լրահոս