Ժ. Սէֆիլյանի կնոջ վրա հարձակումը իրականացվող ճնշումների շարունակությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ` մայիսի 24-ին , «Նախախորհրդարանը» տարածել էր հայտարարություն, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել:  Հայտարարության մեջ նշված է, որ  Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից: 

Այս առնչությամբ դեռևս Սէֆիլյանը որևէ պարզաբանում չի տվել. armlur.am-ի  հեռախոսազանգերը նրան  ուղղված մնացին անպատասխան:

Փորձեցինք զրուցել «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանի հետ` պարզելու՝ ո՞վ է այդ բարձրաստիճան սպան, որը սպառնացել է  Սէֆիլյանին: Նրա խոսքով` անուններն այդքան կարևոր չեն. կարևորը կատարվող գործողություններն են. «Երեկ երեկոյան էլ հարձակում է տեղի ունեցել Սէֆիլյանի կնոջ`Թամար Բարսեղյանի վրա: Ես չեմ կասկածում, որ այդ  հարձակումը Սէֆիլյանի վրա իրականացվող  ճնշումների  շարունակությունն է»:

Իսկ թե ինչով  է պայմանավորված  Ժ. Սէֆիլյանի  լռությունն ու ԱԱԾ-ի  բարձրաստիճան սպայի անունը չհայտարարելը, Տ. Խզմալյանը դժվարացավ պատասխանել`ասելով, որ դա Սէֆիլյանի անձնական գործն է:

Քանի որ խոսքը վերաբերում է  ԱԱԾ-ի բարձրաստիճան սպային, armlur.am-ը  փորձեց մեկնաբանություն ստանալ  Ազգային անվտանգության ծառայությունից: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվի Բաղրամյանն ասաց, որ իրենք չեն մեկնաբանում Սէֆիլյանի հայտարարությունը:

 




Լրահոս