Որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա: Խնդիրը սահմաններն են: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա կարծիքով, ընդդիմության լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց թե ի՞նչ սահմաններում` առանձին քննարկման հարց է: Խոսելով կոնկրետ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին, մասնավորաբար, Վերահսկիչ պալատում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ եւ իշխանությունն էլ պատրաստ է քննարկումների:
«Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Եվ շարժվենք ըստ այդմ»,- ասաց բանախոսը:
Օրինակներ բերելով համաշխարհային փորձից, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կա նաև հակառակ միտումը`շատ զարգացած երկրներում քաղաքականությունն արդեն պակաս հետաքրքիր է և ավելի մարգինալ տարրեր են սկսում զբաղվել քաղաքականությամբ, իսկ հասարակության զգալի մասն էլ կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ: