Ինչո՞ւ Ծառուկյանի հարազատները ազատ արձակվեցին, իսկ կուսակցի փեսան` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում մայիսի 23-ին հնչած կրակոցների դեպքի մասով իրադարձությունները սպասվածից արագ են զարգանում:

Այսօր պաշտոնապես ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ կրակոցների թատերաբեմում հայտնված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ազգականներ 34-ամյա Վարդան Հարությունյանն ու 28-ամյա Էդվին Թադևոսյանը (վերջինս operativ.am կայքի սեփականատերն է), ովքեր գլխավոր կասկածյալների կարգավիճակով ձերբակալվել էին, ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի (զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա:

Իսկ նրանց հետ նույն մեղադրանքով ձերբակալված Մաթևոս Կարապետյանը շարունակում է կալանքի տակ մնալ:

Փորձենք հնչած կրակոցները համադրել դեպքից 6 օր առաջ` մայիսի 17-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի հարակից տարածքում հնչած կրակոցների հետ:

Հիշեցնենք` վերնիսաժյան կրակոցների հեղինակը ևս ԲՀԿ-ական «ծագում» ունի:

Այս անգամ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանը կրակեց` դարձյալ հասարակական վայրում: Պարզապես նրա արձակած կրակոցների արդյունքում տուժեցին անմեղ անցորդներ, որոնք վնասվածքներ ստացան «ռեկաշետի» հետևանքով: Եվ ի տարբերություն Բալահովիտի կրակոցների՝ այս դեպքում, ինչպես ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, անհրաժեշտություն էր կրակելը, քանի որ կնոջ և երեխայի ներկայությամբ ծեծի էր ենթարկվել Կարապետյանի փեսան:

Իսկ ինչո՞ւ երկու կրակոցների դեպքում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դրսևորեց տարբեր մոտեցում. Կարո Կարապետյանի փեսային առաջադրվեց մինչև 20 տարվա ազատազրկման մեղադրանք և հապճեպ կալանավորում, իսկ Ծառուկյանի բարեկամների նկատմամբ ցուցաբերվեց ավելի բարեհաճ վերաբերմունք:

Նշենք, որ պատգամավոր Կարապետյանի փեսայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 2-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով`  (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կարո Կարապետյանի փեսան, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի ազգականների, շարունակում է կալանքի տակ մնալ:

Հետաքրքիր է` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը ինչո՞ւ է համոզված, որ իրար վրա կրակած Ծառուկյանի ազգականները վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար և նախաքննությանը չեն խոչընդոտի, իսկ ահա Կարապետյանի փեսան ծանր հանցագործ է և պետք էր օր առաջ մեկուսացնել: Թե ինչպես է պարոն Համբարձումյանը եկել այդ եզրահանգմանը, դժվար է ասել:

Այդուհանդերձ, հիշեցինք, օրերս փաստաբան Արա Զաքարյանի այն դիտարկումը, որ մեր դատավորները խափանման միջոց ընտրելու իրավաբանական պատշաճ գիտելիքներ չունեն: Դրա համար էլ ՀՀ ոստիկանությունը ինչ մեղադրանքով կալանավորման որոշում է ներկայացնում, «անկախ դատարանները» վավերացնում են:

Բայց այս պատմության մեջ հետաքրքիրը ԲՀԿ-ի վարած «խորամանկ» քաղաքականությունն է: Կասկածից վեր է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջամտության արդյունքում են իր հարազատները ազատության մեջ հայտնվել, իսկ ահա կուսակից ընկերոջը Ծառուկյանը, թերևս, օգնելու քայլեր չի իրականացրել:

Տաթև Հարությունյան




Լրահոս