ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ՓՉԱԾ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ

ՀՀԿ Խորհրդի նիստում, ուղիղ մեկ ամիս առաջ, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ Ս.Սարգսյանն ուղղակիորեն հայտարարեց. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»: Ուղիղ մեկ ամիս հետո, կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Գյումրու տեխնոպարկի լուծարման հարցը: Հիդրոմետ ծառայությունն այս լուրը թերեւս կբնորոշեր «ամպրոպ` պարզ երկնքում»: Այսինքն՝ կառավարությունն այս հարցը ընդգրկելով օրակարգ, ուղղակիորեն «մեխում է» Տիգրան Սարգսյանին քավության պատին՝ ի ցույց դնելով նրա վարած տնտեսական քաղաքականության «փուչիկ»-ը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության որոշման մեջ, որով հիմնավորվում է Գյումրու տեխնոպարկի լուծարման անհրաժեշտությունը, սեւով սպիտակի վրա գրված է. «Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է սկսել լուծարման գործընթաց»:
Հիշեցնենք, որ չիրականացված գործունեության համար Տիգրան Սարգսյանի՝ «Նյու Վասյուկի» նախագծի վրա, ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության, 2008-2012թթ. ընթացքում պետական բյուջեից ծախսվել է 430 մլն դրամ:

 

 

ՀԱԿ-ը սպասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը` բացատրելու համար իրենց արարքը: Իսկ Ծառուկյանը «պետք է բացատրություն» տա, թե ինչու երեկ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ «հրաշալի քառյակ»-ը պառակտվեց: Նախագծին դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն՝ ձեռնպահ: Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացավ 67 կողմ, 12 դեմ եւ 35 ձեռնպահ ձայն: Քվեարկությունը բոյկոտել էին ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, դեմ էին քվեարկել Գուրգեն Արսենյանն ու Հեղինե Բիշարյանը: Արդյունքում ստացվեց, որ քվեարկության պատկերը ձեւավորվեց ոչ թե քաղաքական, այլ խնամիական կապի շնորհիվ: Այս իրավճակում թերեւս ամենավատ վիճակում հայտնվել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, քանի որ նրանք հույս ունեին, որ իրենց «հավատարիմ» գործընկեր ԲՀԿ-ն իրենց չի «դավաճանելու» եւ դեմ է քվեարկելու: Սակայն, ինչպես միշտ, ԲՀԿ-ն «քաշեց» ՀԱԿ-ին։

 

 

Դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից:Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքեւ, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»: Իսկ երբ Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չէր հաճախում դպրոց, եւ առողջանալուց հետո հենց գնաց, դասարանի դասղեկ Նունե Լալայանը, բոլոր աշակերտների ներկայությամբ հայտարարեց. «Դու երես ունես, որ եկել ես»: Ապա դասընկերների ներկայությամբ բղավեց, թե սրան «շան տեղ չդնեք»:

 

 

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, հարկավոր է «Արարատ» ֆուտբոլային ակումբը ինչ-որ ձեւով վերցնել շվեյցարացի հովանավորներից, քանի որ թիմը նրանց ձեռքում պարզապես իր գոյությունն է պահում, մինչդեռ. «Հրաչ Կապրիելյանն ու Վարդան Սերմաքեշը, ով ընդհանրապես Հայաստան չի գալիս «Արարատ»-ի միջոցով շատ լավ բիզնես արեցին, բավականին անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում եւ Ղարաբաղում. գործարան են վերցրել, հյուրանոց։ Ձորաղբյուրի մարզաբազան կոպեկներով՝ քառակուսի մետրը մեկ դոլարով են ձեռք բերել։ Ստեփանակերտի մարզադաշտը պայմանագրով երեք տարում պիտի վերանորոգեին, տասը տարի անցավ, նոր միայն մի թեթեւ վերանորոգել են, բայց էլի վիճակը վատ է»: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում, շատերի կարծիքով՝ ակումբի ղեկավարությունը պարզապես չէր ցանկանում, որ թիմը չեմպիոն դառնա։ Իսկ պատճառը հավանական է՝ թաքնված է ֆինանսների «հետեւում»:




Լրահոս