«Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական եւ գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար»:
Սերժ Սարգսյան armlur.am
Որպեսզի երկրի տնտեսությունը լինի ավելի ազատական եւ գայթակղիչ օտարերկրյա կապիտալի համար, նախեւառաջ անհրաժեշտ է, որ ընդհանրապես տնտեսություն լինի: Ի՞նչ են թողել մեր երկրի տնտեսությունից, կա՞ արդյոք տնտեսություն, որ մի հատ էլ այն ազատական եւ գայթակղիչ լինի: Նախկին վարչապետի թեթեւ ձեռքով, որին, ի դեպ, Սերժ Սարգսյանն էր նշանակել, երկրի տնտեսությունը հսկայական անկում ապրեց: Ներկա վարչապետն էլ, ով նույնպես Սերժ Սարգսյանի ընտրածն է, հավանաբար կշարունակի նույն ոգով, քանի որ լավագույն դեպքում, հազիվ հասցնի միայն իր բիզնեսներին հետեւել:
«Ոչ թե չեզոքացնել հասարակական կարծիքը, այլ չեզոքացնել մարդկանց, որոնք շահարկում են Մաքսային միությանն անդամագրվելը… Համաձայն եմ, որ ՌԴ դեսպանն այդ բառը չպետք է օգտագործեր, այսպես պատասխանեմ»:
Լեռնիկ Ալեքսանյան 1in.am
Միգուցե ՀՀԿ-ական նորանշանակ պատգամավորն ավելի անկեղծ եւ համարձակ լիներ ու ասեր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ընդհանրապես իրավունք չուներ խառնվելու Հայաստանի ներքին գործերին, իսկ իր մտահոգությունը հայ-ռուսական հարաբերությունների համար կարող էր արտահայտել ա՞յլ կերպ: Բայց դե Լ. Ալեքսանյանն այդքանը չի ասի, պարզապես չի կարող ասել, քանի որ իր կուսակցությանը դեմ չի գնա: Առավելեւս, որ իրականում ոչ թե ՌԴ դեսպանն է մեղավոր, այլ իշխանության գլուխ կանգնած ՀՀԿ-ն, ով այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ նույնիսկ օտարերկրյա դեսպաններն են արդեն իրենց թույլ տալիս խառնվել մեր երկրի գործերին:
«Մենք ազատ ենք մեր քվեարկության ժամանակ եւ որեւէ կախվածություն չունենք: Եթե մեր ներկայացրած առաջարկները կառավարությունն ընդունի, բնական է, որ դեմ չենք քվեարկի ծրագրին»:
Աղվան Վարդանյան Yerkir.am
Ընդդիմություն ունենք՝ աշխարհը չունի: Կամ ծայրահեղ կեցվածք են ընդունում եւ մերժում ցանկացած խելքին մոտ համագործակցություն, կամ էլ երբեք չեն կարողանում հանդես գալ իսկապես ընդդիմադիր կեցվածքով եւ միշտ երկու ճակատների միջեւ իրենց համար խուսանավելու տեղ են թողնում: ՀՅԴ-ինն ավելի շուտ երկրորդ դեպքն է, նույն իրենց ռեպերտուարի մեջ են` «կողմ ըլլալով, դեմ ենք»: Իսկ արդյունքն այն է լինում, որ, որպես կանոն, այս կուսակցությունը լինի իշխանության կազմում, թե ընդդիմության՝ ժողովրդի համար դրանից ոչինչ չի փոխվում: ՀՅԴ-ական պատգամավորն էլ առաջին անգամ չէ, որ նման խուսափողական հայտարարություններ է անում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ