ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ – 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղում զինադադարի կնքման 20-րդ տարին: Թեպետ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, այդուհանդերձ, քաղաքական շրջանակները բավականին թերահավատ են այդ հարցում: Փորձագետների զգալի մասի գնահատմամբ` անցնող ամեն տարին մեզ ավելի է մոտեցնում պատերազմի հավանականությանը, ինչին զուգահեռ Հայաստանն ակնհայտորեն զիջում է իր դիրքերը: Ընդ որում` ուկրաինական զարգացումների ֆոնին՝ ԼՂ կնճիռը կարծես սկսում է արդիականանալ միջազգային հիմնահարցերի առաջնահերթություններում: Դրանց նոր թափ հաղորդեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը, որով նա, փաստորեն, հրապարակեց «Մադրիդյան սկզբունքները»:

Այդպիսով` ըստ էության առաջին անգամ պաշտոնական ներկայացուցչի շուրթերից հասարակությունը տեղեկացավ, թե ինչ որակի բանակցություններ են ընթանում եւ որոնք են լինելու մեծ պայմանագրի հիմնարար կետերը: Բավական է նկատել, որ ԼՂ հակամարտության պատմության ընթացքում միակ հրապարակային քննարկումն ընթացել է 1997-98թթ., երբ այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը ներկայացրել էր բանակցային սեղանին դրված փաստաթղթի մանրամասներն ու առաջարկել հասարակական քննարկումներով հասնել հարցի՝ Հայաստանի համար առավելագույնը նպաստավոր պայմանների բավարարմանը: Հայտնի է, որ դրա արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ հարցի կարգավորումը թողնելով ինքնահռչակ «անզիջումներին» ու «հաղթողականներին»: Ցայսօր ոչ մի առաջարկվող տարբերակ չի հանրայնացվել, իսկ հասարակական քննարկում, որպես այդպիսին, չի կազմակերպվել: Թեպետ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց Մադրիդյան սկզբունքները փնտրել համացանցում, սակայն որեւէ մեկը մինչ օրս ոչ միայն չկարողացավ դրանք գտնել, այլեւ նույնիսկ պաշտոնատար անձանցից սպառիչ պարզաբանումներ ստանալ փաստաթղթի բովանդակության մասին:
Այսօր արդեն կարելի է փաստել, որ միջազգային հանրությունը՝ հանձինս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի, հրապարակում է դեռեւս 2008թ. Մոսկավյում նախաստորագրված սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցվի Մեծ պայմանագիրը: Այս եւ հետագա հրապարակումներում կփորձենք մանրամասնորեն անդրադառնալ Ուորլիքի հրապարակած վեց անհրաժեշտ կետերին, որոնք պետք է հիմք հանդիսանան հակամարտության վերջնական կարգավորման համար:
Ջ.Ուորլիքի հրապարակած կետերից մեկը խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին: Դիվանագետը ներկայացնում է. «Տեղական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը»: Նախ եւ առաջ պետք է հստակեցնել, որ տեղահանվածներ ու փախստական որակումը տրվում է միայն ադրբեջանական բնակչությանը: Այս կետը Հայաստանի պետական ու ազգային շահերի տեսանկյունից, կարելի է ասել, բավականին ցավոտ ու վտանգավոր է, քանզի պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայ-ադրբեջանական բնակչության շերտընդմեջ ապրելու վտանգավորությունը՝ սկսած 1905-06թթ. հայ-թաթարական ընդհարումներից, ապա 1918-21թթ. ԼՂ-ում ադրբեջանցիների իրականացրած արյունահեղ քաղաքականությունից եւ, ի վերջո, 1988թ. փետրվարին Սումգայիթի, 1988թ. նոյեմբերին Կիրովաբադի, 1990թ. հունվարին Բաքվի վայրագություններից եւ մի շարք այլ վայրերում իրականացրած ազգային զտումներից ու հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումից: Երբ այս ամենին գումարում ենք նաեւ 1991-1994թթ. Հայաստանին ու հատկապես Արցախին պարտադրված պատերազմը ու դրանում ադրբեջանական բնակչության պահվածքը, պատկերը լրիվ ամբողջական է դառնում:
Հարկ է նկատել, որ փախստականների վերադարձի շրջանակներում ոչ ոք հստակորեն չի կարող ասել, արդյո՞ք ԼՂ իրենց բնակավայրերն են վերադառնալու հենց տեղահանվածները, թե՞ Ադրբեջանը, այնուամենայնիվ, փախստականների շարքերը կհամալրի առաջին հերթին հակահայ ու սադրանքների պատրաստ զանգվածներով, որոնք, հավանաբար, երբեւէ Ղարաբաղում չեն էլ եղել: Ի վերջո, հաշվի առնելով ոչ միայն վերջին 20 տարիների, այլեւ նախորդ՝ ավելի քան հարյուր տարիների հայ-ադրբեջանական հարաբերությունների երերուն ու թշնամական բնույթը, մի՞թե որեւէ մեկը կարող է այսօր խոսել փախստականների վերադարձի նպատակահարմարության մասին: Հատկանշական է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսաքաղաքական շրջափակումն Ադրբեջանը սկսել էր դեռեւս 1989թ.-ից, երբ ԼՂ-ում ապրում էին ոչ քիչ թվով ադրբեջանցիներ: Ուստի Հայաստանի հանդեպ այդ երկրի թշնամական մոտեցումը բնավ պայմանավորված չի եղել ԼՂ-ում սեփական էթնիկ տարրերի առկայության բացակայությամբ: Հիշատակելի են նաեւ Խոջալուի դեպքերը, երբ ադրբեջանական քաղաքական էլիտայի հակամարտող թեւերը կեղտոտ քաղաքական խաղերի արդյունքում իրենց իսկ հայրենակիցներին դատապարտեցին մահվան:
Փախստականների վերադարձի հետ կապված գոյություն ունի եւս մեկ առանցքային խնդիր, որը վերաբերում է տեղահանված հայերին: Հայտնի է, որ Մարտակերտից, Շահումյանից, Արծվաշենից, Գետաշենից մեծ թվով հայեր են հեռացել: Այսօր նույնիսկ հայ-ադրբեջանական դիվանագետների հանդիպումներին զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար կրակահերթերի տակ են պահում սահմանամերձ հայկական գյուղերն ու բնակավայրերը: Այս ամենով հանդերձ՝ ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները հանդուրժել հայ փախստականների վերադարձը հայրենի տարածքներ: Ամփոփելով կարող ենք փաստել, որ փախստականների վերադարձը քննարկելը պարզապես իրատեսական չէ: Այսօր էլ ոչ ոք չի խանգարում ադրբեջանցիներին վերադառնալ Ղարաբաղ: Այլ հարց է, թե որքանով են նրանք պատրաստ խաղաղ ապրել հայերի կողքին: Միգուցե հարցի արծարծումը լոկ բանակցությունները ձգձգելու ու արդյունավետ լուծման հասնելուց խուսանավելու մարտավարությա՞նն է ծառայում:
շարունակելի

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս