ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՐԱՐԱՏ»-Ը ՎԵՐՑՆԵԼ ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԻՑ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան նախավերջին տուրի հանդիպումները: Ժամանակից շուտ չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց «Բանանց»-ը, որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին: Մի քանի տուր առաջ քչերն էին կասկածում, որ բացահայտ առաջատար «Արարատ»-ը չեմպիոն չի դառնա, սակայն թիմը կարողացավ «մեծ հաջողությամբ» պարտություններ կրել եւ վերջին տուրում պայքարելու է երկրորդ տեղի համար։ Շատերի կարծիքով՝ ակումբի ղեկավարությունը պարզապես չէր ցանկանում, որ թիմը չեմպիոն դառնա։
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ՈՒԵՖԱ-ն Եվրալիգայի առաջին փուլի համար 250 հազար եվրո է հատկացնում մասնակիցներին, բայց երկրի չեմպիոն դառնալու դեպքում «Արարատ»-ի ղեկավարությունը պետք է պարգեւատրի խաղացողներին, նոր խաղացողներ բերի, նրանց լավ աշխատավարձ վճարի։ «Նրանք գիտեն, որ Չեմպիոնների լիգայում հաջող հանդես չգալու դեպքում կխայտառակվեն, քննադատության ուժեղ կրակի տակ կընկնեն։ Տասնամյակներ շարունակ բացեիբաց պայքար եմ մղում «Արարատ» ակումբի շվեյցարացի հովանավորների դեմ, որովհետեւ որպես մեկնաբան ձեւավորվել եմ «Արարատ»-ի փայլուն ելույթների ֆոնի վրա, եւ սիրտս ցավում է, երբ թիմը պարզապես իր գոյությունն է պահում տարիներ շարունակ։ Լուրջ ներդրում չի կատարվում, չնչին պարգեւատրություններ են, աշխատավարձ, չեն ուզում թիմն ուժեղացնել արտասահմանից լավ ֆուտբոլիստներով»:
Ըստ մարզական մեկնաբանի՝ եթե ուզում ենք մեր ակումբային ֆուտբոլի ճգնաժամը հաղթահարել, պետք է օգտագործենք «Արարատ»-ի անունը, եւ հաստատ հովանավորներ կգտնվեն. «Բայց պիտի մի հոգի չլինի՝ ինչպես հիմա է, եւ ինչ ուզում՝ անում է։ Լինի բաժնետիրական. մի քանի մեծահարուստ հովանավոր միանան, հզոր թիմ ստեղծեն, որը հայտնվի, ասենք, Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ «Արարատ»-ի օրինակով ուրիշ հարուստներ էլ մեջտեղ կգան. կտեսնեն, որ Հայաստանում էլ ֆուտբոլը բիզնես է։ Ու այդպես միգուցե մեր ակումբային ֆուտբոլը կարողանանք դուրս բերել այս ճահճից։ Բայց նախ հարկավոր է ակումբը ինչ-որ ձեւով վերցնել այդ շվեյցարացիներից»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս