ՀԱՐՑ. Եթե կատարվում է ավանդի ներդրում կամ համալրում, որոնցից յուրաքանչյուրի գումարը չի գերազանցում 20 մլն դրամը, սակայն համալրման արդյունքում ավանդի գումարը գերազանցում է 20 միլիոնը, այդ դեպքում անհրաժե՞շտ է ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն, թե՞ ոչ:
Մելիք Հարությունյան (52 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե 20 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ավանդը համալրվում է 20 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարով եւ եթե արդյունքում նույնիսկ ավանդի գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, ապա անհրաժեշտ չէ ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն: Այդուհանդերձ, նման ձեւով համալրված եւ 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող ավանդի մարման կամ հաճախորդի կողմից գումարի ստացման դեպքում անհրաժեշտ է Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն: Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն չի ներկայացվում նաեւ այն դեպքերում, երբ նախկինում համալրված՝ 20 մլն ՀՀ դրամը գերազանցող ավանդի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿԲ-ի ներկայացրած պարզաբանումը բավականին պարզ է ու որոշակի: Մնում է, որ մեր հայրենակիցների խնայողություններն այնքան շատ լինեն, որ մարդիկ պատրաստ լինեն նման չափի գումարներ ներդնել բանկերում ու պարբերաբար համալրել իրենց խնայողությունները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի անձը կարողանա ԱՊՀ երկրներից եւ Վրաստանից ՀՀ տարածք ներմուծել կենդանիներ, կենդանական ծագում ունեցող հումք, մթերք, կերեր, խառնուրդներ, կերային հավելումներ, սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ:
Ֆելիքս Մանուկյան (43 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների դեպքում անհրաժեշտ է տվյալ խմբաքանակի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատը կամ անասնաբուժական վկայականը՝ բնօրինակով: Տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, ձվաբջջի, սաղմի դեպքում՝ նաեւ տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ: ԱՊՀ անդամ երկրների եւ Վրաստանի արտադրության բեռների ներմուծման դեպքում՝ բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ եզրակացությունները կամ դրանց պատճենները: Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման համար անհրաժեշտ է անվտանգության կամ համապատասխանության, կամ ծագման, կամ առողջության սերտիֆիկատներ կամ լաբորատոր արձանագրություններ, կամ եզրակացություններ, կամ սերտիֆիկատներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բեռների ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է Հայ առաքելական եկեղեցին վերաբերվում ռոք երաժշտությանը, ի՞նչ դիրքորոշում ունի ռոքի հանդեպ:
Աննա Աղեկյան (26 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռոք երաժշտության մասին խոսելուց եւ վերաբերմունք հայտնելուց առաջ, նախ՝ պետք է հստակեցնել, թե ռոքի ո՞ր ճյուղերի մասին է խոսքը, քանի որ ռոքն ունի բազմազան ուղղություններ, որոնք իրարից տարբեր են: Օրինակ՝ մետալ-ռոքն ամբողջովին սատանայապաշտական դրսեւորում ունի, հարդ-ռոքը՝ մասնակի, ինչը եկեղեցին դատապարտում է եւ չի ընդունում: Սակայն կան այլ ուղղություններ, ռոք խմբեր ու երաժիշտներ, որոնք ոչ մի սատանայական դրսեւորում չունեն եւ այս պարագային ճաշակի հարց է ընդունելը կամ չընդունելը: Միեւնույն ժամանակ, չի կարելի չնկատել, որ արտ-ռոք ուղղության որոշ խմբեր ու երաժիշտներ 60-ականների վերջին եւ 70-ականների սկզբին, բավականին հաջող կերպով, պրոպագանդեցին դասական երաժշտությունը: Այսինքն՝ ռոքի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ ռոք երաժշտության որոշ ուղղություններում առկա են սատանայապաշտական երեւույթներ, ինչը դատապարտվում է եւ որոշ ուղղություններում էլ առկա են հոգեւոր, դասական, սոցիալական երեւույթներ:
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ո՛չ դեմ է, ո՛չ կողմ ռոքին. այն ընդունում է մասամբ՝ առանց սատանայապաշտական դրսեւորումների: Հետեւաբար` իրենց Հայ առաքելական եկեղեցու իրական հետեւորդներ համարողները ռոք լսելիս պետք է հաշվի առնեն վերջինիս ծագումն ու դրսեւորումները: