Ի՞նչ սկզբունքով են ընտրել Վարդան Պետրոսյանի թարգմանչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Ազգային Ժողովում  անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական պրոցեսի թարգմանությանը: Նա հայտարարեց, որ թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլև մասնագիտական բառապաշարին: Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է 2013թ. բյուջեի կատարողականը:

«Հիմա 15 մլն, եթե չեմ սխալվում, բավական մեծ գումար, նախատեսվում է այդ նպատակով, արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարն օգտագործել դատական գործընթացի արդյունավետությունը երաշխավորող թարգմանիչների ներգրավմամբ, ի՞նչ սկզբունքով եք դուք նրանց ընտրում»,-հարցրեց նա:

 ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը պատասխանեց, որ այդ հարցն իրոք արդիական է և քննարկվել է դատական դեպարտամենտում: Նա ներկայացրեց ընթացակարգ՝ թարգմանիչների, այդ պարտականությունն իրականացնող կազմակերպության ընտրության, նշեց, որ այս տարեսկզբին դարձյալ, ըստ ընթացակարգի, հայտարարվել է մրցույթ, և բաց, թափանցիկ, հրապարակային փաթեթների ներկայացման արդյունքում ընտրվել է համապատասխան կազմակերպություն:

«Էնպես չէ, որ թարգմանիչն ամբողջական զրոյական տարբերակով է գնացել: Գրավոր խոսքի բարձր վարպետ է եղել, սակայն թերացել է բանավոր խոսքում»,- նշեց Կ. Փոլադյանը:

Հարցին՝ ինչո՞ւ չեն կարող կողմերը բերել թարգամնիչների, նա պատասխանեց, որ այդ դեպքում դատական դեպարտամենտ համակարգը չի կարող նրանց վարձատրել. պայմանագիրը կնքված է այն կազմակերպության հետ, որը հաղթող է ճանաչվել:

Հարությունյանն էլ նշեց, թե այդ կազմակերպությունն ընդհանրապես պետք է հայտնվի սև ցուցակում: «Հիմա մարդիկ են, տեխնիկական խնդիր է եղել, յուրաքանչյուրը կարող է էդ վիճակում հայտնվել, հիմա մարդ է, կարող է՝ վատ է զգացել իրեն: Խնդիրը քննարկվել է և կոնկրետ քայլերը ձեռնարկվել են»,- ընդգծեց նա:




Լրահոս