Այսօր ԱԺ-ում ՀՀ 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց մարզում կատարված աշխատանքները և բյուջեի ծախսերը:
Նրա զեկույցից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարզպետին հիշեցրեց դեռևս ամիսներ առաջ Օհանավան և վեց այլ գյուղերի ջրամատակարարման հաշվին նախատեսվող ՀԷԿ-ի կառուցման մասին լուրերը: Պատգամավորը հայտարարեց, թե ՀԵԿ-ի կառուցողներից մեկն էլ շրջանառվող լուրերի համաձայն համարվել է հենց Սարգիս Սահակյանը և հարցրեց, թե արդյո՞ք ինքը կապում ունի այդ ՀԷԿ-ի հետ:
«Ոչ, ես ոչ մի կապ չունեմ այդ ՀԷԿ-ի հետ»,- ասաց Սարգիս Սահակյանը: Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե այդ ՀԷԿ-ի կառուցողի անունն այնպես է գաղտնի պահվում, որ նույնիսկ պետական գաղտնիքներն այդպես չեն պահվում, Սարգիս Սահակյանն ասաց, որ կառուցողի անունը մամուլում հրապարակվել է, պարզապես այս պահին ինքը անունը չի հիշում: Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին, թե այժմ ՀԷԿ-ը կառուցվո՞ւմ է, թե ոչ, Սարգիս Սահակյանը նշեց, որ չի կառուցվում: