Կարգապահական տույժ` փաստաբանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոպիտ խախտման համար կարգապահական տույժի է ենթարկել փաստաբան Նեմո Մեհրաբյանին: Մասնավորապես, խորհուրդը քննության առնելով փաստաբան Նեմո Մեհրաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշել է նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ կարգապահական տույժի` խիստ նկատողության ձեւով:Պարզվել է, որ փաստաբանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով հանդես է եկել որպես կասկածյալ Մեդիկո Գամուշի Ազմանյանի պաշտպան եւ մասնակցել նրա` որպես կասկածյալի եւ մեղադրյալի, հարցաքննություններին: Սակայն հետագայում վստահորդի ցուցմունքների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ԻԻՀ քաղաքացի Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարին: Դրանից հետո փաստաբանի պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի մասը կարճվել է` նրա արարքում հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով, և վերջինս հանդես է եկել որպես վկա, և փաստաբանը ստանձնել է ԻԻՀ քաղաքացու պաշտպանությունը:Փաստաբանների պալատի խորհուրդը համարել է, որ պատասխանողը նշված ոչ իրավաչափ գործողություններով թույլ է տվել ոչ թե ուղղակի խախտում, այլ կոպիտ խախտում, քանի որ հաշվի չի առել այն հանգամանքը, որ նրա նախկին վստահորդ Մեդիկո Գամուշի Ազմանյանի ցուցմունքների հիման վրա է ԻԻՀ քաղաքացի Ֆարին ներգրավվել նույն գործով որպես մեղադրյալ: Սակայն առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել, այսինքն` նրանց շահերում հակասություններ են եղել: Նշվածից ելնելով՝ խորհուրդը գտել է, որ փաստաբան Նեմո Մեհրաբյանի գործողություններում առերևույթ առկա են ,Փաստաբանության մասինե ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտման հատկանիշներ:Նշենք, որ փաստաբանը ներկայացել է Կարգապահական հանձնաժողովի լսումներին և պատասխանողի բացատրությամբ ընդունել իր կողմից վերը նշված խախտումները կատարելու փաստերը: Մասնավորապես այն, որ նախկին և ներկա պաշտպանյալների շահերի միջև առկա հակասության պայմաններում ակնհայտ է, որ փաստաբանն իրավունք չուներ և չէր կարող մասնակցել քրեական գործով վարույթին՝ որպես Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարիի իրավունքների և շահերի պաշտպան, քանի որ այս գործողություններով նա ոտնահարել է իր պաշտպանյալների իրավունքները և օրինական շահերը: 




Լրահոս