ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մայիսի 27-ին 2013թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ ապագա է սպասվում տրանսպորտի սակագնին:
«Տրանսպորտի հետ կապված վերջերս լայնորեն քննարկումներ եղան, որ կա հանձնաժողով, որ հաշվարկել է Երևանում ուղևորափոխադրումների, ուղեվարձի սակագինը և պարզել է՝ գործող սակագինը ցածր է, իրական ուղեվարձն ավելի բարձր է: Ուզում եմ ցիտել 2013թ. մարտի 28-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, նա ասել է. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել, առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում, մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»:
Երևանի քաղաքապետարանը գիտակցու՞մ է, որ այս հայտարարությունը նշանակում է՝ առնվազն մինչև Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններ սակագինը չի փոխվելու, որովհետև մարդիկ Տարոն Մարգարյանին, ձեր կուսակցական ցուցակին ձայն են տվել այդ թվում նաև այս հայտարարության համար»,- նշեց նա:
Արեյանը նշեց, որ հայտնի է՝ քաղաքապետի հանձնարարությամբ գործում է հատուկ հանձնաժողով՝ տրանսպորտի հարցերով, այն շարունակում է իր աշխատանքը, որին ներգրավված են միջազգային կազմակերպություներ, փորձագետներ, փորձագիտական աշխատանքների արդյունքներն ամփոփվեցին նախորդ նիստում, իսկ առաջարկները դեռ քննարկվում են, հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը ՝ մինչև հարցի սպառիչ պատասխանը տան:
«Այո, եղել է այդպիսի հայտարարություն՝ ի պատասխան հարցին, որ վերաբերում էր հետևյալին, թե արդյոք 2013 թվականի ապրիլի 1-ից տրանսպորտն աշխատելու՞ է նոր սակագնով: Խոսքը վերաբերում էր այդ կարճ ժամանակահատվածին»,- ասաց նա: